Գերմանացի մտավորականները բաց նամակ են հղել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին՝ կոչ անելով հունիսի 2-ին Բունդեսթագում Օսմանյան կայսրությունում հայերի ջարդերի մասին բանաձեւը քննարկելիս վերջապես օգտագործել ցեղասպանություն եզրը։
Նամակում մասնավորապես ասվում է. «Հարգարժա՛ն տիկին կանցլեր, հարգարժա՛ն Բունդեսթագի պատգամավորներ,
Գերմանիայի Բունդեսթագն ու նրան նախորդած կառույցները 100 տարի լռության են մատնել Հայոց ցեղասպանության թեման։ Գործընկերությունը չի փլուզվում արտասանած բառերի պատճառով, այն փլուզվում է չասված բառերի պատճառով։
Մենք կոչ ենք անում հունիսի 2-ին հստակ դիրքորոշում ընդունել եւ հայ ժողովրդի դեմ հանցագործությունն անվանել այնպես, ինչպես որ իրականում եղել է՝ ցեղասպանություն։ Խոսքը ոչ այնքան պատմական դասակարգման մասին է, որքան զոհերի սերունդներից ներողություն խնդրելու։ Պատկերացրե՛ք, դուք ապրում եք Գերմանիայում, իսկ Հոլոքոստը ճանաչված չէ։ Մի՞թե դա հանցագործության շարունակությունը չէ։
Հայոց ցեղասպանության ժխտումը բռնության նոր ալիք է ստեղծում ներկայումս։ 1915-ին հայերին ահաբեկիչներ էին անվանում եւ ոչնչացնում։ Միայն 2015-ին Թուրքիայում ավելի քան 5 հազար քուրդ է սպանվել՝ նրանց ահաբեկիչներ որակելով։ Մի քանի օր առաջ Թուրքիայի նախագահ Էրդողանը հայերին սպառնում էր՝ ասելով, թե Լեռնային Ղարաբաղում նրանք կրակի հետ են խաղում, ի վերջո Թուրքիայում այսօր ավելի քան 100 հազար հայ է ապրում։ Մենք համոզված ենք, որ այդ ամենն այսօր հնարավոր է միայն այն պատճառով, որ Թուրքիան կանոնավոր կերպով հրաժարվում իր պատմությանն առերեսվել։ Թուրքիայի ե՛ւ պատմական անցյալի, ե՛ւ ներկայիս պահվածքը միջազգային դաշտում լուրջ արձագանք պետք է ունենա»,- ասված է նամակում։
Նամակը ստորագրել են նաեւ թուրք ռեժիսոր Ֆաթիհ Աքընը, Դրեզդենի սիմֆոնիկ նվագախմբի տնօրեն Մարկուս Ռինդթը, ծագումով հայ կոմպոզիտոր Մարկ Սինանը, Սաքսոնիայի ազգային գրադարանի տնօրեն Թոմաս Բյուրգերը, գրող Դողան Ախանլըն, ռեժիսոր Այսուն Բադեմսոյ-Փեթցոլդը եւ այլք։




























