Հայաստանի կառավարությունը այսօր՝ հոկտեմբերի 14-ին կայացած նիստում հավանություն է տվել «Զինծառայողների եւ նրանց ընտանիքի անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու օրենքի նախագծին, որը պայմանավորված է Հայաստանի պաշտպանության նախարարության համակարգի քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց եւ նրանց ընտանիքի անդամների` քաղծառայողի արձակուրդի ժամանակ Հայաստանի տարածքի հանգստյան  տներում ուղեգրի գնի փոխհատուցմամբ հանգիստը կազմակերպելու անհրաժեշտությամբ։

Հայաստանի կառավարության տեղեկատվության եւ հասարակայանության հետ կապերի վարչությունից NEWS.am-ին հայտնում են, որ գործադիրը հավանություն է տվել «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ օրենքում, «Դատական օրենսգրքում» եւ «Պետական կառավարչական հիմնարկների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու օրենքների նախագծերին։

Կառավարության նիստում հավանություն է ստացել «Կենդանական աշխարհի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու օրենքի նախագիծը, որով ապահովվում են անազատ եւ կիսաազատ պայմաններում վայրի կենդանիներ պահելու եւ օգտագործելու կարգի խախտման իրավահարաբերությունները։

 Նշված նախագծերը սահմանված կարգով կներկայացվեն Հայաստանի Ազգային Ժողով։