Հոկտեմբերի 17-ին, ժամը 19.00-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության հերթապահ մասից Քանաքեռ-Զեյթունի բաժնում հաղորդում է ստացվել, որ Ռուբինյանց փողոցում գործող «Ոսկեհեր Անժելա» գեղեցկության սրահի մոտ ինչ-որ մեկը դանակով ընկել է բնակիչների հետեւից:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ պարզվել է, որ նույն օրը, 38-ամյա Ռոբերտ Ս.-ն, ոգելից խմիչք օգտագործած վիճակում, վիճաբանության մեջ է մտել նույն շենքի բնակիչների եւ նշված գեղեցկության սրահի հաճախորդների հետ, ձեռքով դիտավորությամբ հարվածել եւ կոտրել է գեղեցկության սրահի եւ շենքի մուտքի դռների ու պատուհանների ապակիները, հայհոյանքներ է տվել եւ շուրջ մեկ ժամ խախտել հասարակական կարգն ու գեղեցկության սրահի աշխատանքները: Ռոբերտ Ս.-ն վիճաբանության մեջ է մտել դեպքի վայր ժամանած ոստիկանության ծառայողների հետ, քաշքշել եւ սպառնացել է նրանց, չի ենթարկվել վերջիններիս օրինական պահանջներին եւ փորձել է փախուստի դիմել, սակայն բռնվել ու բերման է ենթարկվել բաժին:
Կատարվում է հետաքննություն:




























