Այսօր` հոկտեմբերի 21-ին Կառավարության նիստի սկզբում վարչապետ Տիգրան Սարգսյանն անդրադարձել է Տաթեւի ճոպանուղուն եւ նշել, որ այն մինչ այժմ պետություն-մասնավոր հատված համագործակցության ամենախոշոր եւ ամենահաջողված ծրագիրն է։ Այն, ըստ վարչապետի, էապես կբարձրացնի Հայաստանի զբոսաշրջային գրավչությունը։

Վարչապետը տեղեկացրեց նաեւ, որ Euronews-ը առաջիկայում հաղորդումների շարք կհեռարձակի Տաթեւի մասին։

Նշենք, որ այդ հաղորդումներից մեկն արդեն ցուցադրվել է։ Euronews-ը Տաթեւի ճոպանուղու մասին պատմող նյութը զետեղել է High Tec բաժնում, իսկ հեղինակը հիմնականում անդրադարձել է ճոպանուղու անվտանգության խնդիրներին ու տեխնիկական լուծումներին։ Խոսվում էր մասնավորապես այն մասին, որ ճոպանուղին ունի գեներատոր, որը հոսանք կմատակարարի անջատումների դեպքում, իսկ վագոնը կանգ չի առնի նույնիսկ հոսանքազրկման ժամանակ։