Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովն (ՀՌԱՀ) այսօր` հոկտեմբերի 21-ի իր նիստում հրապարակել է այն հեռուստաընկերությունների ցանկը, որոնք մասնակցում են կապուղիների մրցույթներին: Հատկանշական է, որ նախատեսված 18 մրցույթից ընդամենը 2-ում են ներկայացվել մեկից ավելի հայտեր: Մասնավորապես, 11-րդ մրցույթում միմյանց հետ կմրցել «Ա1+»-ն ու «Արմնյուզը»:

Փաթեթները կբացվեն հոկտեմբերի 28-ին: Երկու հայտ է ներկայացվել նաեւ մայրաքաղաքային սփռման, երիտասարդական ուղղվածության եթերային հեռարձակում իրականացնելու համար, որտեղ միմյանց դեմ դուրս կգան «ԱԼՄ»-ն ու «Երեւան»-ը: Այսպիսով, «ԱԼՄ»-ն կամավոր հրաժարվում է է հանրապետական սփռումից: Հանրապետական սփռումից հրաժարվել է նաեւ «Ար»-ը, որը հայտ է ներկայացրել միայն թվային հեռարձակման ցանցի միջոցով մայրաքաղաքային սփռման մանկապատանեկան, գիտակրթական, դաստիարակչական, ճանաչողական ուղղվածության եթերային հեռարձակում իրականացնելու համար:

ՀՌԱՀ-ի նախագահ Գրիգոր Ամալյանի խոսքով, հայտերի քննարկումը պետք է իրականացվի համաձայն մրցույթների հերթականության եւ յուրաքանչյուրում ըստ հայտերի գրանցման հերթականության: Յուրաքանչյուր հայտատուին ներկայանալու համար կտրամադրվի 30-45 րոպե, սակայն, այդ ժամկետները հաստատուն չեն եւ կարող են լինել որոշակի շեղումներ:

Ստորեւ ներկայացնում ենք 18 կապուղիների համար մրցույթին մասնակցող 20 հեռուստաընկերությունների անունները եւ նրանց սփռման տարածքները:

1. հանրապետական` «Արմենիա Թի-Վի»» ՓԲԸ
2. հանրապետական` «Շանթ» ՍՊԸ
3. հանրապետական` «Հայկական երկրորդ հեռուստաալիք» ՍՊԸ
4. հանրապետական` «Մուլտի մեդիա-Կենտրոն Թի-Վի» ՓԲԸ
5. հանրապետական` « Հուսաբեր» ՓԲԸ
6. հանրապետական` «Անսվեր» ՍՊԸ
7.  մայրաքաղաքային` «Ա- Թի-Վի» ՍՊԸ
8. մայրաքաղաքային` «ԱԼՄ- Հոլդինգ» ՍՊԸ եւ «Երեւան հեռուստաընկերություն» ՓԲԸ
9. մայրաքաղաքային` «ԴԱՐ-21» հեռուստաընկերություն» ՓԲԸ
10. մայրաքաղաքային` «ԱՐ հեռուստաընկերություն» ՍՊԸ
11. մայրաքաղաքային` «Արմնյուզ» ՍՊԸ եւ «Մելտեքս» ՍՊԸ ( «Ա1+»)
12. մայրաքաղաքային` «Կայմ հեռուստաընկերություն» ՍՊԸ
13. մայրաքաղաքային` «Պարադիզ» ՍՊԸ
14. մայրաքաղաքային` «Առաջին ալիք» ՍՊԸ
15. մայրաքաղաքային` «Շարք» ՍՊԸ
16 մարզային` «Տավուշ-ՏՎ» ՍՊԸ
17. մարզային` «Ֆորտունա» ՍՊԸ
18. մարզային «Գեղամա մեդիա հոլդինգ» ՍՊԸ