Թերթը գրում է, թե «Վերջին օրերին Ադրբեջանի ղեկավարության մեկը մյուսից ագրեսիվ հայտարարությունները կարող են թյուր տպավորություն ստեղծել, թե մեր հարեւան երկիրը թեւակոխել է մոտալուտ պատերազմի «քարոզչական ապահովման» հանգրվան:
Մինչդեռ, նոյեմբերի 7-ին նշանակված խորհրդարանական ընտրություններից հաշված օրեր առաջ, երբ արդեն ԵԱՀԿ փորձագետների այդ երկրում կատարած նախնական դիտարկումները բացահայտել են բազմաթիվ աղաղակող օրինազանցություններ, Ի.Ալիեւի ու նրա քաղաքական թիմի որդեգրած ագրեսիվ կեցվածքը նպատակ ունի երկրի ներքաղաքական գործընթացները հունավորել հակահայկականության հարթություն:
Ընտրություններից առաջ պետական քարոզչամեքենայի ու անձամբ երկրի նախագահի կողմից փորձ է արվում իրականացնել ադրբեջանական հասարակայնության «Ղարաբաղյան հիշողության» թարմացումը՝ չխորշելով ռասիզմին ու այլատյացությանը բնորոշ եղանակներից ու մեթոդներից:
…Սրանով Ադրբեջանի ղեկավարությունը փորձում է օգտակարը համատեղել հաճելիի հետ, այն է՝ միաժամանակ եւ նախընտրական քարոզարշավ վարել հակահայկական լոզունգներով, եւ զիջումներ կորզել ԵԱՀԿ Մինսկի խմբից՝ օգտվելով երկրում ստեղծված ներքաղաքական իրավիճակից:
Այսինքն՝ ըստ Ի.Ալիեւի, ստացվում է, որ համանախագահները պետք է ջուր լցնեն իր հակահայկական կարգախոսների վրա, որպեսզի նախընտրական պայքարը ընթանա Ադրբեջանի ժառանգական միապետին ցանկալի հունով»,- գրում է թերթը:




























