Թերթն անդրադառնում է հայաստանյան շուկայում պանրի գների աճին եւ արձանագրում.
«Դժվար է ասել, թե ինչ պատահեց Հայաստանում պանիր արտադրողների հետ, որ նրանք մեկ մարդու նման որոշեցին բարձրացնել իրենց արտադրանքի գները: Եթե նրանք ոգեւորվեցին ԱԺ-ում բյուջեն ներկայացնելիս վարչապետի հիշատակած «Հայկական պանիր» ծրագրից եւ որոշեցին կտրուկ բարձրացնել իրենց արտադրանքի գինը, ապա երեւի այնքան էլ լավ չեն հասկացել, որ Տիգրան Սարգսյանը խոսում էր կառավարության աջակցությամբ վերոնշյալ անվանմամբ միջազգային ապրանքանիշ ստեղծելու եւ հայկական պանրի արտահանմանն աջակցելու, այլ ոչ թե տեղական շուկայում պանրի գների բարձրացման մասին: Մինչդեռ պանիրը հայերիս համար, հացից հետո ամենակարեւոր եւ ամենաշատը սպառվող սննդեղենն է: Ինչեւէ:
Նախ ներկայացնենք, թե որքա՞ն է թանկացել պանիրը:
Մի քանի օր առաջ հայկական «Լոռի» տեսակի պանիրները (Տաշիրի, «Աշտարակ կաթի», «Էկոկաթի», Մարտունու եւ մյուս բոլոր գործարանների) վաճառվում էր 1 կգ-ը 1600-1800 դրամի սահմաններում, իսկ «Սուլուգունի» տեսակի պանիրները՝ 2100-2400 դրամ 1 կգ-ի համար: Սակայն մեկ գիշերվա մեջ այս թվերը փոփոխվեցին՝ 1 կգ «Լոռի» պանրի գինը բարձրացավ մինչեւ 2000-2500 դրամի, իսկ «Սուլուգունի» պանրինը մինչեւ 1 կգ-ն 2700-2900 դրամի:
…Տնտեսական բացատրություն տալ հնարավոր չէ, քանի որ դա պարզապես գոյություն չունի: Տեղի է ունեցել հակամրցակցային ակնհայտ համաձայնություն՝ պայմանավորված մոտալուտ Ամանորով՝ դրանից երկու ամիս առաջ: Զգուշանալով հասարակության առավել կտրուկ դժգոհությունից, տեղական արտադրողները, որոնք տեղի անտեղի սիրում են կոչ անել աջակցելու իրենց, որոշել են Ամանորի նախօրյակին իրենց արտադրանքը թանկացնելու փոխարեն դա անել 2 ամիս ավելի շուտ: Հավանաբար չեն ցանկացել Նոր տարվա նախօրյակին փչացնել իրենց սպառողների տրամադրությունը, որոշել են անել ավելի շուտ»,- գրում է թերթը:




























