Արարատի մարզի Այգեստան գյուղի դպրոցի աշակերտները, որոնք հոկտեմբերի 26-ին դասադուլ էին հայտարարել, դասի հաճախում են, սակայն իրենց պնդմամբ, խնդիրը լուծված չէ։
NEWS.am-ի հետ զրույցում Այգեստանի դպրոցականները, որոնք դժգոհում են տնօրենի վատ վերաբերմունքից, հայտնեցին, որ երկու օր առաջ նամակ են ուղարկել Կրթության եւ գիտության նախարարին։
«Մենք դասի հաճախում ենք՝ հաշվի առնելով մեր դասղեկների, ուսուցիչների խնդրանքը։ Տնօրենը մեզնից անօրինական գումար է հավաքում, մեզ հետ կոպիտ է վարվում, իսկ հիմա արդեն արհամարհում է»,- ասացին աշակերտները։
Դասադուլը հայտարարել էին դպրոցի 9-րդ, 10-րդ եւ 11-րդ դասարանների աշակերտները։ Նրանք եւս մեկ անգամ պնդեցին, որ դասադուլի նախաձձեռնությունն իրենցն էր, ոչ մի ուսուցիչ իրենց չի ուղղորդել։
«Տնօրենն ասում է, որ 9-րդ դասարանի դասղեկն է ամբողջը կազմակերպել, բայց նա որեւէ կապ չունի, ընդհակառակը նա մեզ անընդհատ հորդորում է նման քայլերի չդիմել»,- նշեցին աշակերտները։
Նշենք, որ Այգեստանի գյուղապետ Սոկրատ Հովսեփյանն էլ մեզ հետ զրույցում վստահեցրեց, որ խնդիրը լուծված է։



























