«Պրեմիում Մայնինգ» ՍՊԸ-ն մտադիր է Տավուշի ու Լոռու անտառային եւ գյուղատնտեսական նշանակության հողերում պղինձ եւ բազմամետաղներ որոնել, հաղորդում է «ԷկոԼուրը»:
ՀՀ բնապահպանության նախարարություն ներկայացրած ընկերության հայտի հանրային քննարկումը տեղի կունենա սույն թվականի նոյեմբերի 18-ին, ժամը 12-ին, Դիլիջանի համայնքապետարանում:
Երկրաբանական ուսումնասիրություն նախատեսվում է իրականացնել ՀՀ Տավուշի մարզի Կիրանց, Ծաղկավան, Ենոքավան, Սեւքար, Բաղանիս, Հաղարծին եւ Լոռու մարզի Թումանյան համայնքի Աթան եւ Շամուտ գյուղերի վարչական սահմաններում:
Ուշագրավ է, որ այս համայնքների հողերը բացառապես անտառային եւ գյուղատնտեսական նշանակության հողեր են:Աշխատանքների իրականացման համար անտառահատումներ կլինեն, թե ոչ, հայտում չի նշվում:
«Պրեմիում Մայնինգ» ՍՊԸ-ն Կառնուտի պղնձի երեւակման 153.4 հա տարածքի վրա նախատեսում է կատարել 1:2000 մասշտաբի երկրաբանական հանույթ, անցկացնել մոտ 30 կմ երկարությամբ որոնողական երթուղիներ: Կառուցվելու է 42 հորատման հրապարակ յուրաքանչյուրը 48 մ2 մակերեսով, վերականգնվելու է 2 կմ երկարությամբ ճանապարհ:
Բացի դա, Կառնուտ-Սառնաղբյուր հանքային դաշտի Ոսկեպարի բազմամետաղային, Թթուջրի, Սալկուտ-Կախնուտի պղնձի երեւակումների 8355,17 հա տարածքում իրականացվելու են 1:10.000 մասշտաբի որոնողագնահատողական աշխատանքներ 500գծ.կմ ծավալով:


























