Հաշվի առնելով տեխնոլոգիական աշխարհի զարգացման տեմպերը՝ կփոխվի ողջ կրթական մթնոլորտը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը:

Նրա խոսքով՝ տեխնոլոգիական վերջին զարգացումները թույլ են տալիս տանից online տարբերակով լավագույն համալսարաններում սովորել: «Փոխվում են մոտեցումներն ու ծրագրերը, աշխարհի լավագույն համալսարաններն անգամ ի վիճակի չեն հասնել տեխնոլոգիական նորարարությունների հետեւից: Պետք է ուղղակի մշակել կրթական անցումային մոդելներ, որոնց միջոցով կկարողանանք լրացնել ֆունդամենտալ կրթության բացերը՝ աշխատաշուկայի համար լավագույն մասնագետները պատրաստելով»,- նշել է նա:

ՁԻՀ-ի տնօրենի կարծիքով՝ նորաստեղծ տեխնոլոգիական եւ կրթական կենտրոնների առաքելությունը ոլորտի համար մասնագետների պատրաստումն է: «Հաջողված փորձ ունենք, օրինակ, Մայքրոսոֆթ Ինովացիոն Կենտրոնի՝ Ձեռներեցության ծրագրի տեսքով: Հինգ-վեց ամիսների ընթացքում այստեղ պատրաստում ենք ոլորտի տվյալ ուղղության համար որակյալ կադրեր: Մեր կողմից տրամադրվող հետազոտական դրամաշնորհները, գործող կրթական ակսելերացիոն ծրագրերը բերում են նրան, որ կարողանում ենք տեղական ներուժով մշակել համաշխարհային կարեւորության լուծումներ: Այս հաջողված մոդելներն անգամ արտահանում ենք այլ երկրներ՝ որպես ՏՏ ոլորտի զարգացմանը ուղղված պետական եւ մասնավոր սեկտորների հաջող համագործակցության օրինակ»,- ասում է Բագրատ Ենգիբարյանը:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 10-ին կայացել է ՀՀ կառավարության, IBM-ի, USAID Armenia-ի եւ Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի համատեղ ուժերով հիմնված ISTC Ինովացիոն լուծումների եւ տեխնոլոգիաների կենտրոնի բացման պաշտոնական արարողությունը: