Երեւանի Հանրապետության հրապարակում հոկտեմբերի 16-ից բերանը կարած եւ հացադուլ հայտարարած Վարդենիսի 40-ամյա բնակիչ Արմեն Երանոսյանին խոստացել են կրկին գործի ընդունել Վարդենիսի ոսկու հանքում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց նա՝ նշելով, որ կառավարությունից ոսկու հանքի տնօրինությանը հանձնարարական է տրվել՝ իր աշխատանքի խնդիրը շուտափույտ լուծել:
«Ինձ ասացին մինչեւ երեքշաբթի գործի են ընդունելու: Ես կսպասեմ մինչեւ չորեքշաբթի, եթե աշխատանքիս հարցը չլուծվի՝ կրկին ծայրահեղ միջոցների կդիմեմ»,-ասաց նա:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Երեւանի Հանրապետության հրապարակում Վարդենիսի բնակիչը կարել է բերանը եւ հացադուլ հայտարարել: Հացադուլ հայտարարած Արմեն Երանոսյանին շուրջ մեկ ամիս առաջ հեռացրել են աշխատանքից: Նա հարբած վիճակում գնացել է աշխատավայր՝ Վարդենիսի ոսկու հանքեր, տնօրինությունը նրան այդ վիճակում նկատելով՝ աշխատանքից հեռացրել է:
Արմեն Երանոսյանը ամուսնացած չէ, նա ապրում է մոր եւ եղբոր հետ՝ սոցիալական ծանր պայմաններում:




























