Արցախում նոյեմբերի 13-ի գիշերը մահացած ժամկետային զինծառայող Վարդան Առաքելյանը ծառայության ընթացքում ոչ մի դժգոհություն չի ունեցել, ծառայակիցների եւ սպայական կազմի հետ նորմալ հարաբերություններ է ունեցել։ Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեցին նրա ազգականները։
«Ասում են, որ կրտսեր սերժանտը դիտավորյալ չի կրակել, պարզապես մարտական առաջադրանք կատարելու ժամանակ է այդ ողբերգությունը տեղի ունեցել։ Վարդանն այդ կրտսեր սերժանտի հետ որեւէ խնդիր չի ունեցել»,- ասացին նրանք։
Ըստ Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության՝ նախնական տվյալներով, 2016 թվականի նոյեմբերի 13-ին` ժամը 02:15-ի սահմաններում, կրտսեր սերժանտը, նշանակված լինելով մարտական հերթապահության զորամասի պահպանության տեղամասի N մարտական դիրքում, խախտել է մարտական հերթապահության կանոնները, իրեն ամրակցված ինքնաձիգով կրակոցներ է արձակել նույն զորամասի պահանության տեղամասի մեկ այլ մարտական դիրքի ուղղությամբ, ինչի հետեւանքով նռնակաձիգի օգնական, շարքային Վարդան Հովհաննեսի Առաքելյանն ստացել է մահացու հրազենային վիրավորում:
Քրեական գործ է հարուցվել` ՀՀ քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասով, քննություն է տարվում դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ եւ լրիվ քննությունն ապահովելու ուղղությամբ:
Վարդան Առաքելյանը հետմահու պարգեւատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։
Հիշեցնենք, որ Վարդան Առաքելյանը Արմավիրի մարզի Արազափ համայնքից էր, եղբոր հետ ծառայում էին նույն զորամասում։ Դեպքի պահին եղբայրն այնտեղ չի եղել։




























