Շենգավիթ վարչական շրջանում գործող «Լիա» գեղեցկության սրահում տեղի ունեցած հրաձգությունից մահացած 25-ամյա Գեւորգ Ասլամազյանը պատրաստվում էր գնալ Ռուսաստանի Դաշնություն՝ արտագնա աշխատանքի: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց նրա մայրը: Նրա խոսքով՝ իր որդին մշտական աշխատանք չուներ, սոցիալական ծանր պայմաններում ապրող ընտանիքին օգնում էր տարբեր աշխատանքներ անելով:

«Պատրաստվում էր փետրվարին գնալ Ռուսաստան, իսկ մինչեւ գնալը շուկայում բանվորություն անող երկու եղբայրներին էր օգնում, նաեւ բանջարեղեն էր բերելու, որ վաճառեր: Երկու եղբայրները առողջական խնդիրներ ունեն, ինք էր ամեն ինչ անում, որ մեզ օգնի ապրել կարողանանք »,-ասաց նա:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Գեւորգ Ասլամազյանի ընտանիքն ապրում է սոցիալական ծանր պայմաններում, նա ունի 3 եղբայր, Գեւորգն ընտանիքի երրորդ զավակն էր:

Շենգավիթ վարչական շրջանում գործող «Լիա» գեղեցկության սրահը պատկանում է «չարբախցի Գեղամին»: 

Հիշեցնենք, որ Շենգավիթ վարչական շրջանում գործող «Լիա» գեղեցկության սրահում հրաձգություն է տեղի ունեցել, որի հետեւանքով երեք երիտասարդ տեղափոխվել է հիվանդանոց: Ավելի ուշ հիվանդանոց տեղափոխվածներից երկուսը մահացել են: