Հայաստանում «Իսկանդեր» համակարգի ցուցադրումից հետո Ադրբեջանում առաջացած արձագանքը շատ բանի մասին է վկայում։ Նման տեսակետ է հայտնել ռազմական փորձագետ Արկադի Գրիգորյանը՝NEWS.am-ի թղթակցի խնդրանքով մեկնաբանելով այս հարցի հանդեպ ադրբեջանական կողմի չմարող հետաքրքրությունը։

«Ակնհայտ է, որ նրանք փորձում են իրենց ու ուրիշներին ապացուցել, որ Հայաստանը չունի այդ համակարգը։ Դրա համար գործածվում են բոլոր հավաստի ու ոչ հավաստի աղբյուրները»,- նկատեց փորձագետը։ Եվ այսպես, ադրբեջանական լրատվամիջոցների վերջին «գյուտն» էր Զենքի համաշխարհային առեւտրի ռուսաստանյան կենտրոնի զեկույցը, որի տվյալներով Հայաստանն իբրեւ ձեռք չի բերել Իսկանդեր» համակարգեր։ «Բայց նախ, այդ աղբյուրը պաշտոնական չէ։ Երկրորդ, ոչ բոլոր ծախսերն են կատարվում Կենտրոնին հասանելի հոդվածներով։ Կան նաեւ ոչ պաշտոնական հիմնադրամներ»,- հիշեցրեց փորձագետը։

«Այդ թեմայով մշտական հրապարակումները ու «Իսկանդերների» մասին ցանկացած հիշատակումների որոնումները խոսում են ադրբեջանական իշխանական կառույցներում լուրջ անհանգստության մասին։ Մյուս կողմից էլ այդ հրապարակումների երանգը վկայում է այն մասին, որ փորձում են հասարակությանը վստահեցնել, որ նրանց վախերն անհիմն են։ Նման մոտեցման դեպքում, նույնիսկ տեսնելով իսկապես թռչող «Իսկանդերի» ստվերը, Ադրբեջանում կփորձեն համոզել, որ դա թվացել է»,- նկատել է Արկադի Գրիգորյանը։