ՌԴ տնտեսական զարգացման նախարար Ալեքսեյ Ուլյուկաեւին կարող է մինչեւ 15  տարվա ազատազրկում սպառնալ 2 մլն դոլարի չափով կաշառք վերցնելու գործով, որը «Ռոսնեֆտ»-ին թույլ կտար ձեռք բերել «Բաշնեֆտ»-ի արժեթղթերի պետական փաթեթը, հայտնում է ՏԱՍՍ–ը։
ՌԴ ՔԿ քննիչ Սվետլանա Պետրենկոյի խոսքով՝ նոյեմբերի 14-ին Ուլյուկաեւին ձերբակալել էին ձեռքին կանխիկ փողի առկայությամբ։ Նրա դեմ քրեական գործ է հարուցվել ՌԴ ՔՕ 290-րդ հոդվածի 6-րդ մասով (Առանձնապես խոշոր չափի կաշառք վերցնելը)։
Հաղորդվում է, որ այդ հոդվածով սահմանված պատիժը նախատեսում է կաշառքի 80-100–ապատիկի չափով տուգանք՝ մինչեւ 15 տարի ժամկետով զրկելով որոշ պաշտոններ զբաղեցնելու իրավունքից  կամ 8-15 տարվա ազատազրկում կաշառքի 70-ապատիկի չափով կամ առանց դրա։
Պետրենկոն չի պարզաբանել, թե քննությունը խափանման ինչ միջոց է պահանջելու դատարանում։
Երեքշաբթի գիշերը Ռուսաստանի Քննչական կոմիտեից հայտնել են Ուլյուկաեւին ձերբակալելու եւ նրա դեմ ՌԴ ՔՕ 290-րդ հոդվածի 6-րդ մասով (Առանձնապես խոշոր չափի կաշառք վերցնելը) քրեական գործ հարուցելու մասին: