ՌԴ Պետդումայի պատգամավոր, ԱԴԾ նախկին ղեկավար Նիկոլայ Կովալյովն առաջարկել է բարձրաստիճան պաշտոնյաների կողմից կաշառք ստանալու դեպքերը պետական դավաճանություն համարել, հայտնում է ՏԱՍՍ–ը։
«Ես առաջարկում եմ մշակել օրինագիծ բարձրաստիճան պաշտոնյայի կողմից կաշառք վերցնելը պետական դավաճանությանը հավասարեցնելու մասին»,– ասել է պատգամավորը։ Նրա խոսքով՝ պետական դավաճանություն պետք է համարվի այն արարքը, որը վնաս է հասցնում երկրի պետական անվտանգությանը։
Երեքշաբթի գիշերը Ռուսաստանի Քննչական կոմիտեից հայտնել են Ուլյուկաեւին ձերբակալելու եւ նրա դեմ ՌԴ ՔՕ 290-րդ հոդվածի 6-րդ մասով (Առանձնապես խոշոր չափի կաշառք վերցնելը) քրեական գործ հարուցելու մասին: Ըստ նախաքննության վարկածի՝ նա 2 մլն դոլար է ստացել Տնտեսական զարգացման նախարարության դրական գնահատականի դիմաց, որը «Ռոսնեֆթ»-ին թույլ կտար ձեռք բերել «Բաշնեֆթ»-ի արժեթղթերի պետական փաթեթը:




























