Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն կատարած այցի շրջանակում ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպում է ունեցել ՉԺՀ կրթության նախարար Չեն Բաո Չենի հետ:

Հանդիպման ընթացքում ամփոփվել են ՀՀ կրթության եւ գիտության նախարարի պաշտոնական այցի արդյունքները: Երկու նախարարները մանրամասն քննարկել են Հայաստանում կառուցվող չինական դպրոցի գործունեության  հեռանկարները, կարեւորել դպրոցին տարածաշրջանային նշանակություն տալու հարցը, ինչպես նաեւ վերապատրաստումների համակարգ ունենալու հնարավորությունը:

ՀՀ ԿԳ նախարարը շնորհակալություն է հայտնել Երեւանի չինական դպրոցի կառուցման աշխատանքներին չինական կողմի աջակցության համարՙ ընդգծելով, որ նախագիծը կյանքի է կոչվել երկու երկրների նախագահների հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածության շրջանակում:

Քննարկվել են նաեւ երկու երկրների միջեւ համագործակցության ընդլայնման եւ կապերի ամրապնդման մի շարք հարցեր:

Չինաստանի կրթության նախարարը վերահաստատել է Պեկինի օտար լեզուների համալսարանում «Հայոց լեզու» առարկային մշտական մասնագիտության կարգավիճակ տալու վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունը:

Կողմերը պայմանավորվել են գարնանը կազմակերպել  Պեկինի մանկավարժական համալսարանի եւ Կոնֆուցիուսի ինստիտուտների գլխավոր գրասենյակի պատվիրակների այց Հայաստան, որի ընթացքում կկնքվեն համապատասխան պայմանագրեր: