Ադրբեջանի պաշտոնյաները ու լրատվամիջոցների մի քանի աղբյուրներ հայտնել են այն մասին, որ Բաքուն մտադիր է Իսրայելի հետ գործարք կնքել՝ «Երկաթե գմբեթ» հակաօդային պաշտպանության համակարգ ձեռք բերելու նպատակով։ Սակայն eurasianet.org –ի փորձագետ Ջոշուա Կուչերայի կարծիքով, չնայած պատրաստվող գործարքի մասին բազմաթիվ հաղորդագրություններին, քիչ հավանական է, որ Ադրբեջանը իրականում ձեռք բերի այդ թանկարժեք համակարգը, որը տեխնիկապես չի կարողանա բավարարել Բաքվի պահանջները։

Նրա խոսքով, նման տեղեկությունների տարածումը ավելի շուտ խոսում է այն մասին որ Ադրբեջանը մտահոգված է նրանով, որ Հայաստանը գուցե առաջ է անցել սպառազինումների մրցավազքում։

Անցած ամիս այդ մատակարարումների մասին խոսել էր Ադրբեջանի պատգամավոր Եդվա Աբրամովը, նշելով, որ գործարքը կօգնի զրոյացնել Ռուսաստանից Հայաստանի ձեռք բերած «Իսկանդերների» արդյունավետությոնը։ Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն ծրագրում է Բաքու այցելել դեկտեմբերին, իսկ իսրայելական լրատվամիջոցները ՝ վկայակոչելով անանուն աղբյուրներ, հաստատել են Աբրամովի հավաստիացումներն այն մասին, որ «Երկաթե գմբեթի» մասին գործարքն էլ է լինելու օրակարգում։ Հեղինակը նշում է, որ նորությունը տարածել են նաեւ այլ ՝ համեմատաբար հարգարժան պարբերականներ՝ այդ թվում Times of Israel–ը, Ռուսաստանի Համաշխարհային զենքի առեւտրի վերլուծության կենտրոնը ու ամերիկյան Defense Industry Daily–ն։

«Այս դեպքում ինչո՞ւ է գործարքը քիչ հավանական։ Մի կողմից ՝ արժեքը․ մեկ մարտկոցը, որ կազմված է գործարկման երկու սարքերից, ռադարից ու կառավարման կենտրոնից, գնահատվում է 50 մլն դոլար։ Իսրայելում, որը Ադրբեջանի մակերեսի մեկ քառորդն է զբաղեցնում, մոտավորապես տասը նման մարտկոցներ կան տեղադրված։ Համակարգի համար մեկ հրթիռը արժե 100 հազար դոլար, մինչդեռ նավթի գների անկման պայմաններում Ադրբեջանի բյուջեն կկրճատվի, այդ թվում զենքի գնումների համար ծախսերի հաշվին։ Ադրբեջանը գուցեեւ ի վիճակի է իրեն թույլ տալ այդ գնումը, բայց դա կլիներ էքստրավագանտ որոշոմ, որը շատ այլ բյուջետային զոհաբերություններ կպահանջի։

Երկրորդ՝ «Երկաթե գմբեթը» ունակ չէ դիմակայել Հայաստանի «Իսկանդերներներին»։ Գմբեթը ունի 70 կմ առավելագույն հեռահարություն, ինչը հոյակապ համապատասխանում է «Կատյուշայի» նման հրթիռներին, որոնցով պաղեստինցիները կրակում են Իսրայելի վրա։ Բայց «Իսկանդերները» ունեն 300 կմ դիապազոն»,- գրում է Կուչերան։

Նրա հետ համամիտ է բրիտանական Chatham House վերլուծական կենտրոնի փորձագետ Զաուր Շիրիեւը։ Նրա խոսքով այդ համակարգն անօգուտ է Ադրբեջանի համար։ Նա «Երկաթե գմբեթի» գնման մասին լուրերի տարածումը բացատրում է «Իսկանդերների» կապակցությամբ Ադրբեջանի մտահոգությամբ․ երբ հայտնի դարձավ, որ Հայաստանը ձեռք է բերել Իսկանդեր, Ադրբեջանի հասարակությունը նման նորություններ է տենչում»։

«Հայաստանի կողմից «Իսկանդերների» գնման համատեքստում Ադրբեջանն անկասկած փնտրում է իր ՀՕՊ-ի հնարավորությունները բարելավելու ուղիներ՝ լինեն դրանք Ֆրանսիայում, թե այլուր։ Բայց «Երկաթե գմբեթի» ձեռք բերումը քիչ հավանական է»,- ամփոփում է Կուչերան։