Չինացի եւ իտալացի գիտնականների խումբը ծովի ջրի օքսիդացման ապացույցներ է հայտնաբերել, որը կարող էր 252 մլն տարի առաջ Երկրի պատմության մեջ կենսոլորտի խոշորագույն աղետների պատճառներից դառնալ: Այս մասին Սինհուա գործակալությանը հայտնել են Չինաստանի Գիտությունների ակադեմիայից:
60 հազար տարվա ընթացքում ոչնչացել է ծովային կենդանիների ավելի քան 80%-ը եւ ցամաքային կենդանիների շուրջ 75%-ը: Գիտնականները հակված են այս աղետը կապել հրաբխային գործունեության ուժգնացման հետ: Սակայն գիտությունը երկար տարիներ անմիջական ապացույցներ չուներ, որ դա կապված է ծովի ջրի օքսիդացման հետ:
Երկու երկրների գիտնականներն ուսումնասիրել են Զանգվածային ոչնչացման ժամանակաշրջանում եւ դրանից առաջ ծովային ծանծաղուտներում բնակվող ուսոտանիների 400 բրածոներ՝ դրանք համեմատելով ժամանակակից ծովային անողնաշարավորների հետ: Մասնագետների կարծիքով՝ անհետացումից կարողացել են խուսափել միայն այն ուսոտանիները, որոնց խեցիների հյուսվածքների մանրաթելերը կրճատվել են: Սակայն ուսոտանիների մեծ մասի խեցիների կառուցվածքը չի փոխվել, եւ դրանք անհետացել են:
Չինացի գիտնական Շեն Շուչժունի խոսքով՝ խեցիների ձեւավորման ֆիզիոլոգիական գործընթացը կախված է ծովի ջրի թթվայնությունից: Այսպիսով, հետազոտության արդյունքները թույլ են տվել հրաբխային գործունեության ուժգնացման եւ կենդանիների զանգվածային ոչնչացման փոխկապակցվածության մի շարք ապացույցներ ներկայացնել:




























