«Երեւանի գարեջուր» ընկերության («Կիլիկիա» գարեջուր) նկատմամբ հաշվեհարդար է իրականացվում: Այս մասին, այսօր՝ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշել է ընկերության սեփականատեր, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հակոբ Հակոբյանը` մեկնաբանելով օրերս Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի կողմից ընկերությանը 110 մլն դրամ տուգանելու փաստը:

Նրա խոսքով, 2015-ի հունվար-մայիսին գործարանի ֆինանսական ցուցանիշները կտրուկ վատացել էին, եւ նրանից հետո, երբ գարեջրի շուկայում արդեն իսկ տեղի էր ունեցել գների բարձրացում, ընկերությունը ստիպված էր 2015 թ. հունիսի 1-ից բարձրացնել գարեջրի իրացման գները, որի մասին տեղեկացրել էին ՏՄՊՊՀ-ին: Հ.Հակոբյանը նշեց, որ այս բարձրացման հետեւանքով ընկերության շահութաբերությունը կազմեց ընդամենը 12.8%, եւ լրացուցիչ բյուջե վճարվեց 100 մլն դրամ հարկ:

Նոր տարին նոր բնակարանում՝ սկսած 6% տարեկան տոկոսադրույքով վարկի միջոցով

«Երիտասարդ ընտանիքին՝ մատչելի բնակարան» ծրագրի շրջանակներում վարկերը մինչև ս.թ. դեկտեմբերի 30-ը տրամադրվում են սկսած 6% տարեկան տոկոսադրույքով

Հակոբ Հակոբյանը նշեց, որ անցած տարի հոկտեմբերի 23-ին ՏՄՊՊՀ-ն վարույթ է հարուցել ընկերության նկատմամբ` գերիշխող դիրքի հնարավոր չարաշահման հիմքով, սակայն 2015-ի նոյեմբերին նիստում գերիշխող դիրքի մասին որեւէ հիմնավորում չի ներկայացվել, իսկ այս տարվա հունվարին վարույթը կասեցվել է:

Հ.Հակոբյանը շեշտեց, որ նոյեմբերի 16-ի նիստի եւ որոշման մասին «Երեւան Գարեջուր» ընկերությունը տեղեկացել է համացանցից, որեւէ ծանուցում կամ անգամ հեռախոսազանգ չի եղել. «Մեզնից գաղտագողի նիստ գումարելով եւ կայծակնային արագությամբ որոշումը տարածելով ՏՄՊՊՀ-ն ոտնահարել է եւ իրավական, եւ էթիկական նորմերը: Մեր ընկերությունը հետեւողական է լինելու իրեն հասցված նյութական եւ բարոյական վնասի հատուցման հարցում»,-ասել է գործարարը:

Նրա խոսքով, առանց դատարանի հարցը չի լուծվի, անպայման կդիմեն, եթե մինչեւ այդ ՏՄՊՊՀ-ն իր կոպիտ սխալները չվերացնի: «Ես այստեղ միանշանակ միտում եմ տեսնում: Մենք բոլորս ի վերջո հայ ենք, եւ, եթե հայը հայի նկատմամբ նման հաշվեհարդար է ուզում տեսնել, ես անպայման էդտեղ միտում տեսնում եմ: Եթե օդից վերցնես 110 մլն դրամ տուգանես, ես դրանից էն կողմ չեմ պատկերացնում: Ես խոսքեր չեմ գտնում ասելու»,- ընդգծեց Հակոբ Հակոբյանը:

Նա ընդգծեց, որ ՏՄՊՊՀ որոշումը ստանալուց հետո, ու այն համապատասխանի կայքերում հրապարակված նյութերին, կփորձեն դիմել եւ՛ ՀՀ ղեկավարությանը, ներկայացնելով, թե ինչ է կատարվում մեր երկրում, եւ՛ վերջում կդիմեն դատարան:

Պատգամավորը տեղեկացրել է, որ սա «Կիլիկիա» գարեջրի գործարանի պատմության մեջ երրորդ դեպքն է, մեկը 2002թ. էր, երբ դատարանը հօգուտ գործարանի է որոշում կայացրել, մյուսը` անցած տարի: «Սա պարզապես ծիծաղելի որոշում է, որովհետեւ նմանատիպ որոշում կայացվել է «Գյումրի» գարեջրի գործարանի վերաբերյալ, որտեղ նշել են, որ հարկեր քիչ են տվել, դրա համար որոշել են իրենց պատժել: Մեզ պատժում են, որ հարկեր շատ ենք տվել: Ես չգիտեմ, եթե դու հարկ շատ ես տալիս էս երկրում ու պետք է պատժվես, թող բարձրաձայն մեզ ասեն, մենք կորոշենք` հարկ տա՞նք, թե՞ թողնենք էս երկրից գնանք»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ՏՄՊՊՀ-ն նոյեմբերի 16-ի նիստում որոշել է գերիշխող դիրքի չարաշահման համար տուգանք կիրառել «Երեւան Գարեջուր» ընկերության հանդեպ: Տուգանքի չափը կկազմի 110 միլիոն դրամ:

Հանձնաժողովը, նախորդ տարեվերջից սկսած, ընկերության կողմից արտադրվող գարեջրի գնի բարձրացում է արձանագրել՝ 1 լիտրի հաշվով 30 դրամի չափով: Հաշվի առնելով, որ ընկերությունը զբաղեցնում է գերիշխող դիրք եւ գրավում է շուկայի մոտ կեսը, ՏՄՊՊՀ-ը ընկերության նկատմամբ հարուցել է վարչական վարույթ եւ շարունակել ուսումնասիրությունը` նպատակ ունենալով պարզել գնի բարձրացման հիմնավորվածությունը:

Պարզվել է, որ, գարեջրի արտադրության կազմակերպման համար անհրաժեշտ հումքի՝ ածիկի, ինչպես նաեւ այլ ծախսերի ավելացում չի արձանագրվել: Հակառակը, որոշ ծախսեր նույնիսկ կրճատվել են: Չնայած այս հանգամանքին, ընկերությունը բարձրացրել է գարեջրի գինը՝ ստանալով 110 մլն դրամի լրացուցիչ շահույթ, որն էլ, Հանձնաժողովի որոշմամբ, ամբողջությամբ կգանձվի պետբյուջե:

ՏՄՊՊՀ դիտարկմամբ, ընկերությունը, գարեջուր ապրանքային շուկայում ունենալով գերիշխող դիրք, չարաշահել է այն եւ գործել մրցակցային օրենսդրության խախտումներով: Հանձնաժողովը հետեւողական է հատկապես խոշոր ընկերությունների գործունեության հանդեպ եւ եւս մեկ անգամ հորդորում է աշխատել բացառապես արդար մրցակցության կաննոներով: