Հայաստանի տնտեսվարող սուբյեկտների վրա պետք է հավելյալ ճնշում գործադրեն հարկահավաքության նպատակով։ Այս մասին նոյեմբերի 17-ին ԱԺ–ում ասել է ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը։
Նրա խոսքով՝ բյուջեն հարկաբյուջետային քաղաքականության կարեւորագույն բաղադրիչն է։ «Պետք է ասեմ, որ մենք մի փոքր պահպանողական բյուջե ենք ներկայացնում, սակայն, բնականաբար, հաշվի ենք առել մակրոտնտեսական միտումները ինչպես գլոբալ, այնպես էլ ներքին տնտեսության մեջ։ Բոլոր կանխատեսումների համաձայն՝ 2017–ին համաշխարհային տնտեսական աճը կարագանա։ Այն, 2016-ի հետ համեմատ, մոտ 0.3 տոկոսային կետով բարձր կլինի։ Մեր առանցքային առեւտրային գործընկերի մոտ նույնպես կայունության եւ տնտեսական աճի միտում կհայտնվի։ Հայաստանում, մասնավորապես, նույնպես նման միտում կգրանցվի»,– ասել է նախարարը։
Արամյանի խոսքով՝ պետբյուջեի նախագծում 2-րդ սկզբունքը մակրոտնտեսական կայունության ապահովումն է։ «Տնտեսական աճը ստեղծվում է միայն մակրոտնտեսական կայունության աճի ֆոնին։ Մենք ստիպված ենք պետբյուջեի նախագծում ավելի շատ պարտք ներառել, որպեսզի հակազդենք բացասական միտումներին։ Հակառակ դեպքում մեզ մոտ, այլ երկրների նման, տնտեսական աճի բացասական ցուցանիշ կգրանցվի։ 2017-ին մենք կարեւորագույն սկզբունք ենք դարձրել այն, որ բյուջեի աճի տեմպերը պետք է աստիճանաբար կայունանան»,– ասել է նախարարը։



























