«Վերնիսաժի» հարակից տարածքում շաբաթ եւ կիրակի օրերին հնամաշ եւ ձեռագործ իրեր վաճառող աշխատակիցները, որոնք քաղաքապետարանի որոշմամաբ տեղափոխվել են «Հրազդան» տոնավաճառ, բողոքում են տոնավաճառի պայմաններից: NEWS.am-ի հետ զրույցում այսօր՝ նոյեմբերի 17-ին, առեւտրականներից   տիկին Աննան նշեց, որ ինչ տեղափոխվել են  «Հրազդան» տոնավաճառ, չեն կարողանում առեւտուր անել: Տիկին Աննայի խոսքով՝ անձրեւների ժամանակ տաղավարները կաթկթում են, ապրանքը թրջվում է. «Ինչ անձրեւները սկսվել են, չենք կարողանում առեւտուր անել՝ տաղավարները կաթկթում են, ցուրտ է: Ով էլ որ գալիս է մեզանից ապրանք գնելու, էդ վիճակը տեսնում, փոշմանում է»:

Նրա խոսքով՝ առեւտուր չլինելու պատճառով իրենք հայտնվել են ծայրահեղ ծանր պայմաններում՝ անգամ տրանսպորտի գումարը մեկ օրվա ընթացքում չեն կարողանում աշխատել:

Տիկին Աննան նշեց, որ նոյեմբերի 18-ին կառավարության դիմաց բողոքի ակցիա են անելու՝ պահանջելով կառավարությունից լուծել իրենց խնդիրը: