Մեկնարկել են Հայաստանի էլեկտրաէներգետիկական շուկայի ազատականացման եւ միջպետական առեւտրի խթանման ուղղությամբ իրականացվող աշխատանքները։ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության փորձագետների հետ համատեղ արդեն իսկ մշակվել է գործողությունների ծրագիր-ժամանակացույցի նախագիծը, որն ուղարկվել է շահագրգիռ կառույցներին՝ համակողմանի քննարկումներ իրականացնելու նպատակով։ Ամբողջացումից հետո հաջորդ տարվա առաջին կեսին այն կներկայացվի կառավարության հաստատմանը։
ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների փոխնախարար Արեգ Գալստյանի փոխանցմամբ, միաժամանակ աշխատանքներ են տարվում «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքում սկզբունքային փոփոխություններ կատարելու ուղղությամբ.
![]() |
Նոր տարին նոր բնակարանում՝ սկսած 6% տարեկան տոկոսադրույքով վարկի միջոցով «Երիտասարդ ընտանիքին՝ մատչելի բնակարան» ծրագրի շրջանակներում վարկերը մինչև ս.թ. դեկտեմբերի 30-ը տրամադրվում են սկսած 6% տարեկան տոկոսադրույքով |
«Դրանով մեկ շուկայի մոդելից անցնելու ենք մյուս մոդելին, որտեղ արդեն օրենքով թույլատրվելու են ներմուծել ազատականացման էլեմենտներ:
Ա. Գալստյանի կարծիքով, Հայաստանի էլեկտրաէներգետիկական շուկայի այսօրվա կառուցվածքը կատարելագործման կարիք ունի՝ աստիճանական ազատականացման, ինչպես նաեւ հարեւան երկրների հետ էլեկտրաէներգիայի առեւտրի բոլոր հնարավորությունների օգտագործման նպատակով։ Վերջին տարիների ընթացքում դրա համար ձեւավորվել են բավարար նախադրյալներ։ Թեեւ մեծածախ շուկան ամբողջությամբ մրցակցայինի վերածելու հնարավորությունները դեռեւս սահմանափակ են՝ էլեկտրաէներգիա արտադրող կայանների գների միջեւ առկա մեծ տարբերությունների պատճառով, այդուհանդերձ դա խոչընդոտ չէ հրաժարվել, այսպես ասած, միակ գնորդի մոդելից եւ հնարավորություն ստեղծել, որպեսզի շուկա մուտք ունենան նաեւ այլ մասնակիցներ։
Որպես այդպիսին, լիարժեք մրցակցային շուկայի ստեղծումը իրատեսական է համարվում տարածաշրջանային միասնական շուկայի ստեղծման պարագայում։ Ինչպես հայտնի է, այդ ուղղությամբ քայլերն արդեն մեկնարկել են։ Իրականացվող տարածաշրջանային մի շարք ծրագրերի արդյունքում ակնկալվում է մինչեւ 2019թ. ստեղծել դրա հիմքերը։
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից արդեն ընդունվել է Հայաստանի էլեկտրաէներգետիկական շուկայի կատարելագործման եւ կարգավորման նոր գործիքների ներդրման հայեցակարգը, ինչպես նաեւ որակավորված սպառողների եւ մատակարարների ցանց մուտք գործելու կանոնակարգը։ Ըստ այդմ, շուկայի ազատականացման պայմաններում նախատեսվում է թե՛ արտադրողների, եւ թե՛ սպառողների պատասխանատվության մեխանիզմների կատարելագործում. «Այսօր ո՛չ արտադրող, եւ ո՛չ էլ խոշոր սպառող ընկերությունները պատասխանատվություն չեն կրում վաճառքի եւ սպառման (պատվիրակված հզորությունների) ծավալների համար, ինչը կարող է էլեկտրաէներգիայի արտադրության պլանավորված եւ փաստացի ծավալների շեղումների պատճառով անհամաչափ տատանումներ առաջացնել սակագնային կարգավորման ժամանակ։ Այս առումով միջազգային լավագույն փորձն այն է, որ եւ՛ արտադրողները, եւ՛ խոշոր (որակավորված) սպառողները հանդիսանում են պատասխանատվություն կրողներ»:
Շուկայի ազատականացման ճանապարհին, ըստ Ա.Գալստյանի, անհրաժեշտ է ինչպես համապատասխան էլեկտրոնային հարթակի հիմնումը, այնպես էլ շուկայական կարգավորման նոր կառույցների ձեւավորումը։ Այդ գործընթացքում նախատեսվում է ստեղծել շուկայի օպերատոր, որը հանդիսանալու է էլեկտրաէներգիայի առեւտրի կազմակերպման հիմնական պատասխանատուն։
Նախատեսվում է նաեւ սակագների ձեւավորման կատարելագործում եւ արդյունավետ մեխանիզմների ներդրում.
-Խոսքը մասնավորապես գիշերային եւ ցերեկային սակագների, դրանց մեծությունների, կիրառման ժամերի մասին է։ Այդ առումով կարող է դիտարկվել նաեւ սեզոնային, պիկային կամ գիշերային խիստ թերբեռնված ժամերի համար նոր սակագների սահմանման նպատակահարմարությունը։
Էներգետիկ շուկայի ազատականացումը Ա.Գալստյանի կարծիքով, ուղղակի ազդեցություն կունենա նաեւ սակագների վրա. «Մենք ակնկալում ենք, որ մրցակցային էլեմենտների օգտագործումը կնպաստի սակագների նվազեցմանը։ Մրցակցությունը, ի վերջո, նպաստում է ծախսերի կրճատմանը: Այդ պայմաններում յուրաքանչյուրը փորձում է նվազեցնել ծախսերը, որպեսզի շուկայում ունենա նպաստավոր դիրք եւ կարողանա իրացնել իր ապրանքը»:





























