ՄԱԿ-ում Հայաստանի ներկայացուցիչը հանդես է եկել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբելայի 3-րդ կոմիտեում «Մարդու իրավունքների վիճակը Ղրիմի ինքնավար հանրապետությունում եւ Սեւաստոպոլ քաղաքում» A/C.3/71/L26 բանաձեւի նախագծի առնչությամբ ՀՀ դիրքորոշման բացատրությամբ, որում, մասնավորապես, ասված է.

«Հայաստանը մշտապես եղել է ժողովրդավարության, հիմնարար ազատությունների եւ մարդու իրավունքների՝ ներառյալ ժողովուրդների իրավահավասարության եւ ինքնորոշման իրավունքի խթանման ջատագովը։ Մեր կարծիքով, մարդու հիմնարար ազատությունների հետ կապված իրավիճակները պետք է քննարկվեն եւ դիտարկվեն այն սկզբունքներով եւ նորմերով, որոնք մարդու միջազգային իրավունքի մաս են կազմում:

Վերոնշյալ բանաձեւը, ներկայացված լինելով մարդու իրավունքների համատեքստում, պարունակում է հղումներ տարածքային ամբողջականության սկզբունքին, որոնք կիրառվել են ընտրովի՝ միջազգային իրավունքի այլ սկզբունքների՝ ներառյալ ժողովուրդների ինքնորոշման իրավունքի հաշվին, եւ դուրս են բանաձեւի հռչակված նպատակի շրջանակից: Առաջնորդվելով իր հետեւողական դիրքորոշմամբ՝ Հայաստանը չի կարող աջակցել այնպիսի մոտեցում, որը դասակարգում է սահմանում միջազգային իրավունքի սկզբունքների միջեւ»։

Հայտարարության մեջ նաեւ ընդգծված է, որ «սույն բանաձեւի նախագիծը պարունակում է հղում 2014 թ. մարտի 27-ի 68/262 բանաձեւին, որին Հայաստանը դեմ է քվեարկել՝ հաշվի առնելով վերը նշված նկատառումները։ Հիշյալ բանաձեւի ընդունման օրը Հայաստանի պատվիրակության կողմից շրջանառվել էր իր քվեարկության բացատրությունը: Մեր մոտեցումներն այդ ժամանակվանից ի վեր չեն փոխվել»:

«Ելնելով վերոհիշյալից՝ Հայաստանը «դեմ» է քվեարկել A/C.3/71/L․26 բանաձեւի նախագծին»։