Հայաստանի բյուջեի եկամուտները 2017-ին կկարողանանք բարձրացնել ծխախոտի ու ոգելից խմիչքի հաշվին։ Այս մասին նոյեմբերի 17-ին ԱԺ-ում հայտնել է Ֆինանսների նախարար Վարդան Արամյանը՝ լիագումար նիստի ժամանակ ներկայացնելով 2017-ի պետբյուջեի նախագիծը։
Նրա խոսքով, 2016-ի համեմատ ՀՆԱ-ի հանդեպ հարկերի հարաբերակցությունը ծրագրվում է բարձրացնել 20․7 տոկոսից մինչեւ 21 տոկոս, իսկ բացարձակ արժեքով արտահայտված՝ 6 մլրդ դրամով՝ մինչեւ 1 տրլն․135 մլրդ դրամ։ Այդուհանդերձ, 2016-ին իրականում պլանից հետ են մնացել՝ այդ թվում որովհետեւ անվանական ՀՆԱ-ն կրճատվել է 300 մլրդ դրամով ՝ ցածր գնաճի պատճառով։ Դրա համար էլ 2016-ի արդյունքներով ծրագրում են հավաքել 1 տրլն 70-75 մլրդ դրամ։ Հետեւաբար, 2017-ին հարկերի հավաքման իրական աճը կկազմի մոտ 60 մլրդ դրամ, որոնցից 40 մլրդ-ը՝ տնտեսության աճի ու 20 մլրդը՝ նոր վարչական միջոցառումերի ու հարկերի աճի հաշվին։ Մասնավորապես ծրագրում են բարձրացնել ծխախոտից ու ոգելից խմիչքներից ակցիզային հավաքները՝ 6 ու 2 մլրդ դրամով համապատասխանաբար։
Ընդհանուր առմամբ 2017-ին ՀՀ բյուջեի եկամուտները՝ այդ թվում հարկերը, օտարերկրյա դրամաշնորհները, պետունեցվածքից ստացված եկամուտները եւ այլն, կկազմեն 1 տրլն 210 մլրդ դրամ։ Դա 24 մլդ-ով կամ մոտ 2 տոկոսով բարձր է, քան 2016-ի պլանը, ու 79 մլրդ-ով կամ 7 տոկոսով շատ, քան 2015-ին ՝փաստացի։
Հարկային մուտքերը կկազմեն 93․8 տոկոս, դրամաշնորհները ՝ 2․6 տոկոս, այլ եկամուտները՝3․6 տոկոս։
Ակնկալվում է, որ 2017-ին պետեկամուտերի հարաբերակցությունը ՀՆԱ-ին կկազմի 22․4 տոկոս, 2016-ի 21․8 եւ 2015-ի 22․5 տոկոսի համեմատ։



























