ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությունից հետո սեզոնային աշխատողները կարող են իրենց վաստակած գումարները գրպանները դրած բերել ու հայտարարագրեր չլրացնել Ռուսաստանից կանխիկ գումար դուրս բերելու ու Հայաստան բերելու մասին։ Այս մասին նոյեմբերի 17-ին ԱԺ-ում ասել է ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը՝ 2017-ի պետբյուջեի նախագծի քննարկումների ժամանակ։

Հայաստան մտնող պաշտոնապես ֆիքսվող տրանսֆերտները նվազում են, բայց պետք է հաշվի առնել, որ նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին շատ սեզոնային աշխատողներ, վերադառնալով Հայաստան, կարող են կանխիկ գումարը հենց իրենց հետ՝ գրպանում բերել։ Ոչ մի խոչընդոտի նրանք չեն հանդիպի, հավելել է Ջավադյանը։

Կանխիկ գումար բերելիս առաջ նրանք պետք է հայտարարագրեր լրացնեին թե Ռուսաստանում, թե Հայաստանում։ Իսկ հիմա նման անհրաժեշտություն չկա։ Այնպես որ կարելի է վաստակած գումարը գրպանում բերել՝ այլ ոչ թե բանկով փոխանցել ու այդ գործարքի ժամանակ որոշակի գումար կորցնել։