Ֆրանսիայի բնակչության մեծ մասը՝ 71 տոկոսը, մտավախություն ունի ամանորյա տոների օրերին հնարավոր ահաբեկչությունների կապակցությամբ։ Այս մասին է վկայում Odoxa հետազոտական ինստիտուտի եւ Le Figaro թերթի համատեղ հարցումը։
Պարբերականը նշում է, որ երկար ժամանակ չէր եղել այնպիսի ժամանակաշրջան, երբ ամանորյա տոները ֆրանսիացիների մոտ սեփական կյանքի համար այդքան վախ կներշնչեին։ Հարցվածների 67 տոկոսը պնդում է, որ առավել վտանգավոր գոտիներ են տոնական միջոցառումների վայրերը, եկեղեցիները եւ առեւտրի կենտրոնները։
Այդ կապակցությամբ ֆրանսիացիների 78 տոկոսը կարծում է, որ անհրաժեշտ է տոների ժամանակ հատուկ պաշտպանվող գոտիներ ստեղծել, ինչպիսիք որ կային Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության ժամանակ։ Ընդ որում, հարցվածների 91 տոկոսը կողմ է, որ սովորական օրերին մեծ խանութներն ավելի լավ պաշտպանվեն, իսկ 79 տոկոսը նման անհրաժեշտություն է տեսնում եկեղեցիների դեպքում։
Հարցումը ցույց է տվել, որ ահաբեկչության սպառնալիքը հանգեցրել է նրան, որ ֆրանսիացիների 28 տոկոսի սպառողական սովորությունները փոխվել են։ Նրանք սկսել են ամանորյա եւ սուրբծննդյան գնումներ կատարել ոչ թե խանութներում, այլ համացանցի միջոցով։
Հարցումն անցկացվել է դեկտեմբերի 7-8-ը հազար մարդու շրջանում։





























