Մի բանտարկյալ զոհվել է ու առնվազն ութ մարդ տուժել Կանադայի Սասկաչեւան նահանգում բանտում սկսված ընդվզման հետեւանքով, հայտնում է CBC–ը։
Բանտի աշխատակազմը հայտնել է, որ երեք բանտարկյալներ դանակներով վիճաբանություն են սկսել ընդհանուր ռեժիմի բաժնում։ Նրանցից մեկին՝ 43-ամյա Ջեյսոն Լեոնարդ Բերդին տեղափոխել են հիվանդանոց, որտեղ արձանագրել են նրա մահը։ Բերդը բանտարկվել էր կողոպուտի համար, նա ազատազրկվել էին երկու տարի յոթ ամսով։
Մյուս երկու բանտարկյալները լուրջ վնասվածքներով նույնպես հոսպիտալացվել են։
Երբ անվտանգության աշխատողները փորձել են դադարեցնել վիճաբանությունը՝ 185 բանտարկյալներ հրաժարվել են վերադառնալ իրենց բանտախցեր։ Նրանք բարիկադներ են կառուցել, այրել ձեռքի տակ ընկած իրերը։ Պահակները հրազենից վիրավորել են վեց բանտարկյալի, նրանցից հինգը հիվանդանոց է տեղափոխվել։ Նրանց կյանքին ոչինչ չի սպառնում։
Հիմա բանտում իրավիճակը հսկողության տակ է, սակայն այցելությունները ժամանակավորապես դադարեցվել են։ Ոստիկանությունը հետաքննություն է սկսել։





























