«ԽՍՀՄ-ը փլվել է 1991-ին, բայց նույնիսկ հիմա ՝ 2016-ին բավականին շատ են ռեպրեսիվ ու բռնապետական վարչակարգերը, որոնք շարունակում են բարգավաճել։ Տարբերությունը, եւ ես այդ մասին կսկիծով եմ ասում, այն է, որ ազատ աշխարհի քաղաքացիներին հիմա արդեն այնքան էլ չեն հուզում բռնապետություններն ու այդ վարչակարգերում ապրող ավելի քան 2․7 մլրդ մարդիկ»,- The Wall Street Journal –ի համար իր հոդվածում գրելա է Գարի Կասպարովը։

Այսօր ամերիկացիների մեծ մասին միամտություն է թվում Ջոն Ֆ․ Քենեդիի խոսքը․ «Ազատությունն անբաժանելի է, ու երբ ստրկացվում է մեկ մարդ, բոլորն են անազատ դառնում»։ «Այն, որ ԱՄՆ կառավարությունը տասնյակ տարիներ իր արտաքին քաղաքականությունը կառուցել է այդքան վեհ գաղափարների վրա, թվում է նույնքան հեռավոր, որքան աշխարհն առանց այֆոնների»,- ասում է Կասպարովը։

Կասպարովը համարում է, որ Բեռլինյան պատի ու ԽՍՀՄ-ի փլուզումից հետո ԱՄՆ-ն  ձեռք էր բերել ավելի շատ գլոբալ հզորություն ու ազդեցություն, քան երբրեւէ։ «Բայց դրանից օգտվելով ՝ մարդու իրավունքներն ու ժողովրդավարության արժեքները պաշտպանող նոր գլոբալ մեխանիզմ ստեղծելու փոխարեն՝ ազատ աշխարհը իրեն այնպես է պահել, ասես մեկընդմիշտ հաղթել է այդ ճակատամարտում»։

«Ավելի վատ է այն, որ մենք Ռուսաստանում ու շատ այլ նորանկախ պետություններում գործեցինք նույն սխալը։ Մենք այնքան էինք ձգտում դեպի լուսավոր ապագա, որ բոլորովին չփորձեցինք վերլուծել մեր մռայլ անցյալը»,- գրում է Կասպարովը, պարզաբանելով, որ չեն եղել ոչ «ճշմարտության բացահայտման հանձնաժողովներ», ոչ լյուստրացիաներ, ոչ էլ ռեպրեսիաների համար պատասխանատվության ենթարկվածներ։

Հեղինակի կարծիքով, Վլադիմիր Պուտինը իշխանության գալուց հետո չի հայտնաբերել որեւէ խոչընդոտ, որ կխանգարեր «Ռուսաստանն իր պատկերացրած «ԿԳԲ»-ի ոճով վերափոխելուն»։ Ռուսաստանցիները համարում էին, որ ժողովրդավարության խոստումները փոխարկվեցին դավաճանության, վախենում էին բռնությունից ու կոռուպցիայից։

Կասպարովը դժգոհում է, որ Եվրոպան ու ԱՄՆ-ն չստանձնեցին առաջատարի դերակատարումը, որը պահանջվում էր այդ պատմական պահին։ «Ռուսաստանը գրեթե առանց բանավեճերի հռչակվեց ԽՍՀՄ իրավահաջորդ, իսկ 1997-ին նույնիսկ ստացավ ցանկալի տեղը G-7-ում։ Պուտինը սկզբում օգտվեց այդ նվերից, որպեսզի հաստատի իր ժողովրդավարական իմիջը, իսկ ավելի ուշ՝ որպեսզի մերկացնի ազատ աշխարհի առաջնորդների երեսպաշտությունը, որոնք շարունակում էին սիրաշահել նրան, երբ նա հիմնովին քանդում էր ռուսական ժողովրդավարությունը»,- ասվում է հոդվածում։

Հեղինակի կարծիքով «սոցիալիզմն ասես աուտոիմունային վիրուս լինի, որը ոչնչացնում է բռնապետներից ու երեսխաշտներից պաշտպանվելու հասարակության ունակությունը»։ Եվ դրա պատճառն այն է, որ սոցիալիստական ռեժիմները վստահեցնում են, որ անձնական ազատությունը ոչինչ չարժե։

«Ինտերնետը պետք է միավորեր բոլոր մարդկանց ու լույս բերեր մեր մոլորակի մութ անկյուններ։ Դրա փոխարեն լույսը անդրադարձավ, լուսավորելով աշխարհի հզոր երկրների երեսպաշտությունը ու ապատիան։ Ղրիմը բռնակցված է, Ուկրաինան ենթարկվել է ներխուժման, ԻՊ-ն հզորանում է, Հալեպը դատարկվում, ու մեզնից ոչ ոք չի կարողանա ասել, որ մենք այդ մասին չգիտեինք։ Մենք կարող ենք միայն խոստովանել, որ դա մեզ չէր հուզում»,- ասվում է հոդվածում։

«Գլոբալիզացիան ազատ աշխարհի թշնամիներին տվել է իրենց ազդեցությունը տարածելու այնպիսի հեշտ միջոցներ, ինչպիսիք չէին կարող երեւակայել խորհրդային ղեկավարները, սակայն Արեւմուտքը կորցրել է ինքն իրեն ու իր արժեքները պաշտպանելու ցանկությունը»,- ամփոփում է Կասպարովը։