Իրենց մի քանի ամսվա աշխատավարձի ու մթերած կաթի դիմաց կուտակված գումարի փոխարեն ճամբարակցիները «Աշտարակ կաթ» գործարանից արդեն սկսել են վերցնել ռոկֆոր տեսակի պանիրը եւ վաճառել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Ճամբարակի քաղաքապետ Յուրա Ավալյանը:
«Բնակիչները շուկա են գտնում, հետո գործարանից վերցնում են պանիրը եւ վաճառում: Հիմնականում Երեւան են ուղարկում՝ սուպերմարկետներում վաճառելու համար»,-ասաց նա:
![]() |
Մինչև դեկտեմբերի 30-ը ստացեք գրավով ապահովված սպառողական վարկեր 18-19% տարեկան տոկոսադրույքով: |
Ճամբարակցիներին ռոկֆոր պանիրը վաճառելու հարցում օգնում են նաեւ գործարարներ Հարություն Մնացականյանը եւ Վահրամ Միրաքյանը։ «Ֆեյսբուք»-ում տարածված պանրի վաճառքի վերաբերյալ հայտարարություններին մեծ թվով քաղաքացիներ են արձագանքում եւ նրանց միջոցով գնում այն՝ կիլոգրամը 3000 դրամով:
Բացի այդ «Աշտարակ կաթ» գործարանի արտադրած ռոքֆոր պանիրը կարելի է գնել մայրաքաղաքի մի շարք սուպերմարկետներում:
Ի սկզբանե ճամբարակցիների եւ գործարանի տնօրինության միջեւ պայմանավորվածությունը եղել է 1 կիլոգրամ պանիրը 2500 դրամով քաղաքացիներին տրամադրելու վերաբերյալ, սակայն, ավելի ուշ սկզբնական պայմանավորվածությունը փոխվել է՝ գյուղացիներն այն վերցնում են կիլոգրամը 2000 դրամով եւ վաճառում 3000 դրամով:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ նոյեմբերի 29-ին ճամբարակցիների եւ «Աշտարակ կաթ» ընկերության տնօրինության միջեւ ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ պարտքի դիմաց ռոքֆոր տեսակի պանիր ճամբարակցիներին տրամադրելու վերաբերյալ:
Նշենք, որ «Աշտարակ կաթ» ընկերությունը ճամբարակցիներին պարտք է շուրջ 70 միլիոն դրամ:




























