Հայաստանի ներքին պետական պարտքի միջին ժամկետը մի քիչ կրճատվել է, բայց ռիսկեր այստեղ չկան։ Այս մասին NEWS.am–ի թղթակցին ասել է Հայաստանի ֆինանսների առաջին փոխնախարար Ատոմ Ջանջուգազյանը։

Նկատենք, որ 2016-ի սեպտեմբերին Հայաստանի պետպարտատոմսերի միջին ժամկետը կազմում էր 2 209 օր (6 տարի), բայց 2017-ի վերջին այն պետք է կրճատվի մոտ մեկ տարով՝ հասնելով 5 տարու (2017-ի ՀՀ բյուջեին վերաբերող՝ Ֆիննախի պարզաբանող գրությունից)։

Մինչև դեկտեմբերի 30-ը ստացեք գրավով ապահովված սպառողական վարկեր 18-19% տարեկան տոկոսադրույքով:

Դա պայմանավորված է նրանով, որ 2016-ի ընթացքում Ֆինանսների նախարարությունը ավելի շատ պետական արժեթղթեր է թողարկել։ Իհարկե, եղել են ամբողջ սպեկտրով՝ կարճաժամկետ, միջնաժամկետ ու երկրաժամկետ, թողարկում իրականացնելու փորձեր, բայց դա ոչ միշտ է հաջողվում, պարզաբանել է փոխնախարարը։

«ԲԱյց խնդիրն այլ է։ Պետպարտատոմսերի հարցում մենք միշտ հիմք են ընդունում ավելի խիստ ցուցանիշները։ Չէ՞ որ մենք գործ ունենք պետբյուջեի պակասուրդի ֆինանսավորման հետ։ Իսկ այս հարցում ավելի լավ է ինքներս մեզ հավելյալ անգամ ապահովագրենք։ Իհարկե մենք կձգտենք նվազեցնել պարտատոմսերի տոկոսները ու բարձրացնել մարման ժամկետը։ Բայց մենք առաջնորդվում ենք ամենախիստ սցենարով, հանուն բյուջեի անվտանգության»,- պարզաբանել է Ջանջուգազյանը։

Նկատենք, որ Ֆիննախի տվյալներով, 2016-ի նոյեմբերի վերջին շրջանառության մեջ էին գտնվում 485․9 մլր դրամի ներքին պետական պարտատոմսեր։ Դա 54 տոկոսով շատ է, քան 2015-ի նոյեմբերի վերջին։ Երկարաժամկետ (5 տարի եւ ավելի) պարտատոմսերի տեսակարար կշիռը մի քիչ նվազել է ՝ 45-ից հասնելով 43 տոկոսի։

Գանձապետական պարտատոմսերի միջին եկամտաբերությունը՝ երկրի պարտքի գինը, 2016-ի սեպտեմբերի վերջին կազմել է 13․7 տոկոս։ 2017-ին Ֆիննախը ուժեղ փոփոխություններ չի ակնկալում։

Հայաստանի ներքին պետական պարտքի ընդհանուր ծավալը 2016-ի վերջին կկազմի մոտ 451 մլրդ դրամ, դրանից ավելի քան 99 տոկոսը ՝ պարտատոմսերն են (448․4 մլրդ)։

Ինչ վերաբերում է Հայաստանի սուվերեն եվրապարտատոմսերին, որոնք թողարկվել են 2013-ին (700 մլն դոլարի) ու 2015-ին (500 մլն դոլարի) , ապա ներքին պարտքի վիճակագրության մեջ դրանք չեն ներառվում։ Բայցեւայնպես, դրանց մասով մարումը նախատեսված է 2020 ու 2025 թթ․ համապատասխանաբար, դրա համար էլ 2017-ին բյուջեի վրա նոր ծանրաբեռնվածություն դրանք չեն ստեղծի, հավելեց Ջանջուգազյանը։