Թալինի բժշկական կենտրոնում վիրահատությունից կարճ ժամանակ անց երիտասարդ կնոջ մահվան գործով առաջին դատական նիստը հետաձգվել է:
Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանում նշանակված նիստը հետաձգվել է, քանի որ մեղադրողը գտնվում էր արձակուրդում, իսկ գործով ամբաստանյալ Թալինի բժշկական կենտրոնի ծննդաբերական բաժանմունքի վարիչ Ցոլակ Խաչատրյանը վատառողջ էր:
Հաջորդ դատական նիստը նշանակվել է հունվարի 17-ին:
Ըստ մեղադրական եզրակացության` Ցոլակ Խաչատրյանը 2014թ. օգոստոսին վիրահատել է Սոֆյա Պողոսյանին: Վիրահատությունից կարճ ժամանակ անց կնոջ մոտ նկատվել է քաղցկեղի շարունակական աճ, ինչի հետեւանքով էլ 2015թ. մայիսին մահացել է:
Ցոլակ Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով, այն է` բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որն անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդի մահ կամ մարդու իմունային անբավարարության վարակի հարուցիչով վարակում: Բժշկին սպառնում է ազատազրկում 2-6 տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա: Խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:





























