Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանին հետաքրքրում է, թե ինչու է Հայաստանի Հանրապետությունը 40 մլն եվրոյի վարկ վերցնում:
«Նպատակը նշված է` հարկաբյուջետային, սոցիալական եւ շրջական միջավայրի կայունության, խթանման եւ մրցունակության ամրապնդման, ի՞նչ է դա նշանակում, մասնավորապես ո՞ր ծրագրերն իրականացնելու ենք համար այս վարկը վերցնում »,- այսօր` դեկտեմբերի 22-ին, խորհրդարանում 2016 թվականի նոյեմբերի 30-ին ստորագրված Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Զարգացման ֆրանսիական գործակալության միջեւ համապատասխան վարկային համաձայնագրի քննարկման ժամանակ ասաց ԲՀԿ-ական պատգամավորը` դիմելով ֆինանսների փոխնախարար Արմեն Հայրապետյանին:
![]() |
Մինչև դեկտեմբերի 30-ը ստացեք գրավով ապահովված սպառողական վարկեր 18-19% տարեկան տոկոսադրույքով: |
Փոխնախարարը նշեց, որ այս վարկը նպատակային չէ, այլ բյուջետային, հետեւաբար ուղղվելու է բյուջեի դեֆիցիտը վերացնելուն:
«Բյուջեի փողը չի հերիքում, վարկ ենք վերցնում, որ փակե՞նք այս բացը, կարո՞ղ եք աշխատավարձ տալ այդ գումարից»,- հարցրեց պատգամավորը:
Արմեն Հայրապետյանը համաձայնվեց. «Բյուջեն հավասարակշռված փաստաթուղթ է, եթե նախատեսում ենք, որ եկամուտները կլինեն 80 միավոր, իսկ ծախսերը` 100, այդ 20 միավորը պետք է փակենք ներքին եւ արտաքին միջոցներով: Թե այդ ֆինանսավորման որ մասն ուր կգնա, կարեւոր չէ, որովհետեւ սա բյուջեին աջակցող վարկ է»:





























