Կառավարությունն ուզում է բարձրացնել հարկերը չմուծելու համար քրեական պատասխանատվության շեմը՝ 2 մլն դրամից դարձնելով 4 մլն–ի։ Այս մասին դեկտեմբերի 22-ին կառավարության նիստում ասել է արդարադատության  նախարար Արփինե Հովհաննիսյանը՝ ներկայացնելով ՔՕ–ում փոփոխությունների նախագիծը։ 

Այսինքն եթե մինչեւ այժմ 2 մլն եւ ավելի դրամի հարկերից խուսափելու դեպքում քրեական պատասխանատվություն էր ենթադրվում, ապա հիմա այդ շեմը դառնում է 4 մլն դրամ: 

Մինչև դեկտեմբերի 30-ը ստացեք գրավով ապահովված սպառողական վարկեր 18-19% տարեկան տոկոսադրույքով:

ՔՕ 205–րդ հոդվածը բիզնես շրջանակներում դժգոհություններ էր առաջացրել, քանի որ դրանից պարզ չէր դառնում, թե որ արարքը կարելի է չարամտություն համարել, իսկ որը՝ ոչ։

Նախարարի խոսքով՝ առաջարկվող իրավակարգավորմամբ, վերանայվել են «չարամտորեն խուսափել» եւ «խեղաթյուրված տվյալներ» հասկացությունները, ինչպես նաեւ հստակեցվել են հանցակազմի հատկանիշները: «Գործնականում այդ հասկացությունները առաջացնում  էին մի շարք խնդիրներ եւ  բավականին դժվար էր լինում ապացուցել, թե  օրինակ, որ  դեպքերում է տնտեսվարող սուբյեկտի կողմից հարկը կամ  տուրքը չվճարելը համարվում չարամտորեն խուսափել, իսկ որ դեպքում այն չարամտություն չի պարունակում»,-ասաց Արփինե Հովհաննիսյանը: 

Նախարարն ընդգծեց,  որ այս կարգավորմամբ կբացառվի վարչական վարույթին վերաբերող գործերը քրեաիրավական հարթություն տեղափոխելու հնարավորությունը եւ ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված խոշոր չափի նվազագույն շեմը կսահմանվի  նվազագույն աշխատավարձի չորսհազարապատիկի չափով (4.000.000 ՀՀ դրամ)՝  գործող երկուհազարապատիկի  (2.000.000 ՀՀ դրամ) փոխարեն։

Կառավարությունը հավանություն է տվել օրինագծին։