Ազգային ժողովի ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը կասկածներ ունի, որ պետությունը վարկ է վերցնում դեֆոլտից խուսափելու համար:

«Կարո՞ղ ենք ենթադրել, որ բյուջե չեք կարողանում հավաքել, 100 մլն-ի պակասորդ ունեք, դեֆոլտից խուսափելու համար ներարկումներ եք անում ձեր ներքին հիմնական ֆունկցիաներն ապահովելու համար, այդ թվում աշխատավարձերի համար: Եթե այս վարկային համաձայնագրերը ընդունվեն, որքա՞ն է  կազմելու եկող տարի մեր սպասարկման գումարը, ու նաեւ սպասարկման ամենաբարձր ցուցանիշը ո՞ր թվականին է լինելու»,- այսօր` դեկտեմբերի 22-ին, խորհրդարանում 2016 թվականի նոյեմբերի 30-ին ստորագրված Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Զարգացման ֆրանսիական գործակալության միջեւ համապատասխան վարկային համաձայնագրի քննարկման ժամանակ ասաց Արամ Մանուկյանը` դիմելով հիմնական զեկուցող, ֆինանսների նախարարի տեղակալ Արմեն Հայրապետյանը:

Մինչև դեկտեմբերի 30-ը ստացեք գրավով ապահովված սպառողական վարկեր 18-19% տարեկան տոկոսադրույքով:

Արմեն Հայրապետյանը վստահեցրեց` դեֆոլտի խնդիր չկա, քանի որ ֆինանսների կառավարման տեսնակյունից միջոցներ են կուտակվում կայունացման հաշվի վրա՝ այդ ռիսկերը չեզոքացնելու համար. «Եթե տեսականորեն ընդունենք, որ այս վարկերը չեն վավերացվում, ապա Կառավարությունն ունի 2 ճանապարհ՝ ներքին պարտատոմսերի շուկայից ներգրավել այդ միջոցները, սակայն դա բավականին թանկ է արժենալու՝ 12 տոկոս, կամ գնալ ու եվրոբոնդեր թողարկել, մինչդեռ այս վարկերը կազմելու են ընդամենը 2.5 տոկոս: Եթե համեմատենք եվրոբոնդերի հետ, ապա կաստացվի հինգ տոկոսով ավելի էժան ենք ներգրավում այս վարկերը, քան եվրոբոնդերի ճանապարհով: Այս դեպքում կսրվի հարցը, դա կարժենա ութ-տասը միլիոն դոլար՝ յուրաքնչյուր տարվա համար: Այս վարկերը մեր հնարավորությունների ամենաէժան տարբերակն են»:

Ինչ վերաբերում է պետական պարտքի սպասարկումներին, փոխնախարարի խոսքով, դրանց  թիվն իսկապես բավականին բարձր է՝ 90-100 միլիարդ դրամ, որը կազմում է բյուջեի ծախսերի շուրջ ինը տոկոսը: Արամ Մանուկյանին այս պատասխանը չբավարարեց. «2020թ.-ին, երբ պարտքի սպասարկմանը տոկոսները կլինեն բարձրագույն՝ մոտ ինը հարյուր միլիոն դոլար, իմ ասածը ճի՞շտ է, թե ոչ»: Արմեն Հայրապետյանը նշեց, որ մայր գումարների վերադարձի համար ունենք երկու պիկ տարի՝ 2020թ. եւ 2025թ.: