Այն մոդելը, որն ուզում է իշխանությունը ստեղծել Հայաստանում՝ կառավարելի ժողովրդավարության մոդելն է, երբ որ թղթի վրա կամ ձեւականորեն գոյություն ունի Սահմանադրություն, ժողովրդավարություն, բազմակուսակցական համակարգ, իսկ իրականում այդ ամենը ֆասադ է եւ կառավարվում է իշխող կուսակցական դե ֆակտո համակարգի կողմից: ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանն այսօր՝ դեկտեմբերի 22-ին, Ազգային ժողովում այսպես արձագանքեց պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի քաղաքականություն մտնելուն եւ ընդլայնված դաշինքով խորհրդարանական ընտրություններին մասնակցելու հարցին:
«Իշխանությունները հիմա այդ ուղղությամբ աշխատում են, եւ բնականաբար, մենք շատ երկար փորձ ունենք այդպիսի ընդդիմադիր կեղծ ուժերի ստեղծման, գործող ռեալ ուժերի պառակտման, որը կազմակերպվում է իշխանության կողմից: Դրա հիմքը դրվեց 2003 թվականից ի վեր: Ես չեմ ցանկանում կոնկրետ անուններ տալ ընդհանրապես: Միայն ձեր նշած մարդու վերաբերյալ չէ խոսքը, մենք միշտ ասել ենք՝ եթե ինչ-որ կոնկրետ քաղաքական ուժի սկսենք դրա համար քննադատել, մենք անելու ենք այն, ինչ պետք է իշխանությանը, մենք սկսելու ենք շեղվել մեր գլխավոր թիրախից՝ իշխանությունից: Մտնում ենք պայքարի մեջ նրա կողմից ստեղծված քաղաքական ուժերի դեմ եւ դրանով կորցնում ենք մեր հավատարմությունը այն առաքելությանը, որն իրականում մերն է, մեր պայքարը իշխանության դեմ է»,-ասաց Լեւոն Զուրաբյանը:
Մեր հարցին՝ ՀԱԿ-ը համագործակցության եզրեր տեսնո՞ւմ է Սեյրան Օհանյանի, Վիկտոր Դալլաքյանի ձեւավորած ուժի հետ՝ հաշվի առնելով այն, որ Վիկտոր Դալլաքյանը նույնպես իշխանափոխությունը տեսնում է ընտրությունների միջոցով, ինչպես ՀԱԿ-ը, պատասխանեց. «Հարյուր անգամ ասել եմ՝ ես չեմ մեկնաբանում բանակցությունների խնդիրը: Մենք էլ ենք պատկերացնում եւ գլխավոր նպատակը համարում ենք իշխանափոխությունը, բայց որն է այն գործիքը, որը թույլ կտա իրականացնել դա, դա մեր կարծիքով, ծանրակշիռ ընդդիմադիր բեւեռի ստեղծումն է, որն ունի հստակ այլ ընտրանքային ծրագիր երկրի զարգացման, այդ խնդիր լուծման համար կա երկու ճանապարհ կամ միջոց, որոնք իրար չեն բացառում: Մեկն այն է, որ ուղղակի միավորվում են տարբեր քաղաքական ուժեր եւ քանի որ տարբեր մոտեցումներ ու գաղափարներ կարող է հայտնվել, դա կարող է վերածվի, աջափ-սանդալի: Մյուս տարբերակն այն է, որ որեւէ քաղաքական ուժ հանդես է գալիս ամենակարեւոր քաղաքական ուղերձով, որին արձագանքում է ժողովուրդը, հենց ուղերձին: Ուղերձի հստակությունը, հզորությունը եւ ըմբռնելիությունը ժողովրդի կողմից ավելի հզոր միջոց է նման ծանրակշիռ ընդդիմադիր կենտրոն ստեղծելու համար, քան մեխանիկական միավորումը»:
Լեւոն Զուրաբյանն ասաց, որ Սեյրան Օհանյան, Վիկտոր Դալլաքյան դաշինքը չի կարող լինել Կոնգրեսի մրցակիցը. «Մենք մեզ մրցակից չենք տեսնում, որովհետեւ ճշմարտությունը մրցակից չունի»:




























