Չինաստանի ու Ռուսաստանի հետ հարաբերություններում Դոնալդ Թրամփն իրեն փորձում է Ռիչարդ Նիքսոնի դերում։ 1970-ականներին, սառը պատերաազմի դարաշրջանում, ԱՄՆ-ն որոշել էր հրաժարվել գաղափարական տարաձայնություններից ու մտերմանալ Մաո Ցզե Դունի վարչակարգի հետ, որպեսզի մեկուսացնի իր վաղեմի թշնամուն՝ Խորհդային միությանը, գրում է բրազիլական Folha պարբերականը։

Այս անգամ Թրամփը շախմատի տախտակի վրա փոխում է ֆիգուրների դասավորվածությունը ու դաշինք կնքում Մոսկվայի հետ՝ Պեկինի՛ վրա ճնշում գործադրելու համար։

Վերջին տասնամյակներին Վաշինգթոն- Մոսկվա- Պեկին եռանկյունին վճռորոշ դեր է կատարել համաշխարհային գերիշխանության համար պայքարում։ Երեքն էլ գլխավոր դերակատարներն են մնում, սակայն նրանց փոխգործակցությունը որոշող հանգամանքներն են փոխվում։

Նիքսոնի կառավարման տարիներին, Չինաստանի ու ԱՄՆ–ի հարաբերություններում գերշխում էր «իմ թշնամու թշնամին իմ ընկերն է» տրամաբանությունը։

Դոնալդ Թրամփն էլ յուրովի է դասավորում շախմատի տախտակը։ Եթե անցյալում ԽՍՀՄ-ն էր ընկալվում, որպես թիվ մեկ ախոյան, ապա ԱՄՆ նորընտիր նախագահի ընկալմամբ ԱՄՆ-ի համար ավելի լուրջ մարտահրավեր է ներկայացնում 21-րդ դարի Չինաստանը։ Իհարկե Թրամփի այս ձգտումներին լրջորեն դիմակայում է Վաշինգթոնը, որը ավանդաբար Ռուսաստանին է համարում ԱՄՆ-ի թիվ մեկ աշխարհքաղաքական մրցակիցը։ Սակայն Թրափն առայժմ շարունակում է շարժվել իր ընտրած նոր ճանապարհով։ Չինաստանին զայրացնելու համար սիրաշահում է Թաիվանին, որպեսզի Չինաստանին ստիպի զիջումների գնալ օրինակ առեւտրային հարցերում։ Քարոզարշավի ժամանակ էլ Թրամփը անընդհատ Չինաստանին մեղադրում էր «ամերիկացիներից աշխատատեղեր գողանալու մեջ»։

Թրամփի ընտրողները սպասում են նրա «հաղթանակին» ասիական հսկայի հանդեպ։ Բայց իհարկե մտավախություններ կան, որ Վաշինգթոնն իր սխալ հաշվարկած քայլերի հետեւանքով Պեկինի հետ առեւտրային պատերազմի մեջ կհայտնվի։