Իրենց մի քանի ամսվա աշխատավարձի ու մթերած կաթի դիմաց կուտակված գումարի փոխարեն ճամբարակցիներն արդեն «Աշտարակ կաթ» գործարանից վերցրել եւ վաճառել են շուրջ 11 տոննա ռոքֆոր տեսակի պանիր:
Ճամբարակցիներին ռոկֆոր պանիրը վաճառելու հարցում օգնում են գործարարներ Հարություն Մնացականյանը եւ Վահրամ Միրաքյանը։ «Ֆեյսբուք»-ում տարածած պանրի վաճառքի վերաբերյալ նրանց հայտարարություններին մեծ թվով քաղաքացիներ են արձագանքում եւ այդ միջոցով գնում այն՝ կիլոգրամը 3000 դրամով: NEWS.am-ի հետ զրույցում Հարություն Մնացականյանը նշեց, որ իրենց միջոցով արդեն 4 տոննա պանիր է վաճառվել:
![]() |
Մինչև դեկտեմբերի 30-ը ստացեք գրավով ապահովված սպառողական վարկեր 18-19% տարեկան տոկոսադրույքով: |
«4 տոննա վաճառվել է, բայց մեր ակցիայի շնորհիվ ահագին մարդիկ սկսել են գնալ գնել պանիրն հենց ճամբարակցիներից եւ վերավաճառել այն: Սուպերմարկտենրում նույնպես վաճառվում է»,-ասաց նա:
Ի սկզբանե ճամբարակցիների եւ գործարանի տնօրինության միջեւ պայմանավորվածությունը եղել է 1 կիլոգրամ պանիրը 2500 դրամով քաղաքացիներին տրամադրելու վերաբերյալ, սակայն, ավելի ուշ սկզբնական պայմանավորվածությունը փոխվել է՝ գյուղացիներն այն վերցնում են կիլոգրամը 2000 դրամով եւ վաճառում 3000 դրամով:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ նոյեմբերի 29-ին ճամբարակցիների եւ «Աշտարակ կաթ» ընկերության տնօրինության միջեւ ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ պարտքի դիմաց ռոքֆոր տեսակի պանիր ճամբարակցիներին տրամադրելու վերաբերյալ:
Նշենք, որ «Աշտարակ կաթ» ընկերությունը ճամբարակցիներին պարտք է շուրջ 70 միլիոն դրամ:




























