Եթե Գագիկ Ծառուկյանը ակտիվ քաղաքականություն վերադառնա, բնականաբար, նա էլ կղեկավարի «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը: Այս մասին դեկտեմբերի 29-ին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավոր Մկրտիչ Մինասյանը:
Նրա խոսքով՝ դա նորմալ գործընթաց է: «Ինչ վերաբերում է նախընտրական կոալիցիաներին, ապա դա քաղաքակիրթ պայքարի եղանակներից մեկն է: Եթե դրանք ստեղծվել են գաղափարախոսության հիմքով, նորմալ է: Շատ կցանկանայի, որ մեր քաղաքական դաշտը կայանար»,- նշեց Մինասյանը:
Ի պատասխան պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի քաղաքական հայցին վերաբերող հարցին, պատգամավորը նշեց. «Յուրաքանչյուր ոք ազատ է իր քաղաքական գործունեության հարցում: Բայց այս դեպքում կարծես ինչ-որ անբացատրելի բան կա: Ինձ մոտ այնպիսի տպավորություն էր ստեղծվել, որ Սեյրան Օհանյանը խաղաղ, կազմակերպված, հավասարակշռված մարդ է: Հիմա նա որոշել է ակտիվ քաղաքականությամբ զբաղվել, համագործակցում է Վիկտոր Դալլաքյանի հետ, հետագայում հավանաբար նրա հետ կոալիցիա կկազմի: Ինձ մոտ ամեն դեպքում հարցեր են մնում: Հավանաբար ես նրան ճիշտ չեմ հասկացել»:




























