Լեգենդար ֆանտաստ գրող Այզեկ Ազիմովի տարեդարձի օրը ներկայացնում ենք նրա կյանքի ամենահետաքրքիր փաստերը:

Այզեկ Ազիմովը ծնվել է Սմոլենսկի մարզի Պետրովիչի բնակավայրում: Ծննդյան մոտավոր թիվը 1920 թվականի հունվարի 2-ն է: Ծննդյան ճշգրիտ ամսաթիվը հայտնի չէ հրեական եւ գրիգորյան օրացույցների տարբերության պատճառով: Ծնվելիս նրան անվանակոչել են Իսահակ Յուդովիչ Օզիմով: 1923 թվականին նրա ծնողները տեղափոխվել են ԱՄՆ, եւ Այզեկ Ազիմով անունը ձեռք է բերել ամերիկյան հնչերանգով ընթերցելու հետեւանքով:

Ազիմովը կլաուստրոֆիլ էր՝ ի տարբերություն կլաուստրոֆոբների, որոնց համար ամեն անգամ վերելակ նստելը խուճապի մատնվելու լուրջ առիթ է, գրողը սիրում էր գտնվել ոչ մեծ փակ տարածքներում:

Մինչեւ 1967 թվականը Ազիմովին խորհրդային լրտես են համարել, հետագայում բոլոր մեղադրանքները հանվեցին:

Այզեկ Ազիմովը գրել է 500 գիրք: «Նա 4 էլեկտրական գրամեքենա ունի, կարող է տպագրել միանգամից 4 գիրք՝ 2 ձեռքերով եւ 2 ոտքերով»,- այս առիթով կատակով ասել է Արթուր Քլարքը:

Նա է ստեղծել «ռոբոտեխնիկա» իսկական գիտական տերմինը:

Ձեւակերպել է հանրահայտ «Ռոբոտեխնիկայի 3 օրենքները» («Ռոբոտեխնիկայի հրահանգներ» գրքից», 56-րդ հրատարակություն, 2058 թվական):

1. Ռոբոտը չի կարող մարդուն վնաս պատճառել կամ իր անգործությամբ թույլ տալ, որ մարդուն վնաս պատճառվի:

2. Ռոբոտը պետք է ենթարկվի մարդու բոլոր հրամաններին՝ այն դեպքերից բացի, որոնք հակասում են Առաջին օրենքին:

3. Ռոբոտն իր անվտանգության համար պետք է մտահոգվի այնքան, որքան դա չի հակասում Առաջին եւ Երկրորդ օրենքներին: 1986 թվականին «Ռոբոտներ եւ կայսրություն» վեպում Ազիմովն առաջադրել է Զրոյական օրենքը: 0. Ռոբոտը չի կարող վնաս պատճառել մարդկությանը կամ իր անգործությամբ թույլ տալ, որ մարդկությանը վնաս պատճառվի: