Արաբական Միացյալ Էմիրություններում երկու տղամարդկանցից յուրաքանչյուրին տուգանել են 2,7 հազար դոլարով՝ համացանցում փեսացուի եւ հարսնացուի հոլովակի արատավորող մեկնաբանությունների համար, որոնք հարսանիքից հետո մոտոցիկլետներով զբոսանք էին կազմակերպել: Այս մասին հայտնում է The National-ը:

Տղամարդկանց մեղավոր է ճանաչել Աբու Դաբիի դատարանը, նրանք իրենց մեղավոր չեն համարում:

Պարբերականը հայտնում է, որ դեռեւս մարտին նորապսակները համացանցում հոլովակ էին հրապարակել, որտեղ հարսանիքից հետո Harley Davidson մոտոցիկլետներով զբոսնում են այլ բայքերների ուղեկցությամբ: Հոլովակը քննադատության ալիք է բարձրացրել, օգտատերերը բացի քննադատական մեկնաբանություններից, վիրավորական գրառումներ էին կատարում, հարսնացուի խոսքով՝ նույնիսկ սպառնալից: Աղջկան մեղադրել են «ԱՄԷ-ի ավանդույթների եւ արժեքների խախտման մեջ»:

Էմիրաթյան զույգը, որը ԱՄԷ-ի մոտոցիկլետիստների ակումբի անդամ է, ոստիկանությանն է դիմել վիրավորանքների բողոքով: Նրանք հայցեր են ներկայացրել ընդհանուր 40 օգտատիրոջ դեմ, իսկ տուգանված երկու տղամարդկանց քննված գործը ընդամենը առաջինն է: Հաջորդ դատական նիստում դատարանը կքննի եւս 7 օգտատիրոջ դեմ գործը: