Այս տարվա հունվարին կրկնվում է նախորդ տարիների պատկերը՝ առևտրականները նկատում են գնորդական պահանջարկի կտրուկ անկում։ Այն, որ այդ մասնագիտության ներկայացուցիչները սիրում են դժգոհել ապրանքների վատ իրացումից, հարկերի ծանր բեռից, գնորդներից և այլն, հայտնի է բոլորին։
Բայց տվյալ դեպքում ճշմարտության հատիկն այլ է։ Ամանորյա տոների նախօրեին բոլոր ընտանիքները, իրենց ֆինանսական հնարավորությունների սահմանում, գնում են անհավանական մեծ քանակության սննդամթերք՝ թե իրենց ընտանիքի, թե սպասվող հյուրերի համար։ Չէ՞որ Հայաստանում մարդիկ հավատում են, որ ինչպես դիմավորես Նոր տարին, այդպես էլ կանցկացնես ամբողջ տարին։
Նման «առատությունը» զգալի վնաս է պատճառում ընտանեկան բյուջեին։ Դրա համար էլ հունվարի առաջին օրերին շատ քաղաքացիներ դիմավորում են պարենամթերքի մեծ պաշարով ու կանխիկ գումարի պակասով։ Ասվածը, բնականաբար, չի վերաբերում մեծահարուստներին, նրանց անսահմանափակ ֆինանսական հնարավորություններով։ Բայց մեր հասարակությունում նրանց նմանները այդքան էլ շատ չեն։
Ապրանքների մատակարարները հաշվի են առնում գնորդական պահանջարկում նախատոնական իրարանցումը։ Դա մասնավորապես երևում է գյուղատնտեսական ապրանքների իրացման դինամիկայից։ Քանի որ 2016-ի դեկտեմբերի վիճակագրական տեղեկությունները հրապարակվելու են հունվարի վերջին, կներկայացնենք 2015-ի այդ նույն ժամանակահատվածի տվյալները։ Եվ այսպես դեկտեմբերին, նոյեմբերի համեմատ, անասունների ու թռչունի մորթի իրացման ծավալը աճել է ուղիղ 1․5 անգամ։ Ընդ որում այդ աճը, ինչպես կարելի է ենթադրել, բաժին է ընկել առևտրի համար առավել աժիոտաժային նախաամանորյա օրերին։
2016-ի հունվարին, 2015-ի դեկտեմբերի համեմատ, մանրածախ ապրանքաշրջանառության ֆիզիկական ծավալը կրճատվել է գրեթե 61 տոկոսով։ Ընդ որում ամենամեծ անկումը բաժին է ընկել սպառողական ապրանքների շուկաներին( 69%-ով) ու գյուղատնտեսական ապրանքների շուկաներին ( 67%-ով)։
Իսկ ահա կրպակներում պատկերը նկատելիորեն լավ է ՝ կրճատումն ընդամենը 27 տոկոսով է եղել։ Դա միանգամայն հասկանալի է, չէ՞ որ կրպակները հիմնականում առաջարկում են ամենօրյա ապրանքներ, այդ թվում մեև քաղաքացիների շրջանում մեծ պահանջարկ ունեցող ծխախոտ։ Նոր տարվա համար քչերն են բլոկերով ծխախոտ գնում, այնպես որ որոշ վնաս կրպակները կրում են միայն այլ ապրանքների գծով։




























