Վանի գլխավոր տուրիստական կենտրոն համարվող Աղթամար կղզում նոր ավելի հարմարավետ նավահանգիստ է կառուցվել։
Թուրքական Milliyet–ի փոխանցմամբ՝ Վանի Գեւաշի (Ոստան)քաղաքապետարանի պահանջով Տրանսպորտի եւ հաղորդակցության նախարարությունը ձեռնամուխ էր եղել Աղթամար կղզում նոր նավահանգիստ կառուցելուն։
Մեկ ամիս տեւած աշխատանքից հետո ավարտին է հասցվել 4 մետր լայնությամբ ու 50 մետր երկարությամբ նոր նավահանգիստը։
Նշվում է, որ ամառը մեծ թվով այցելուներ ունենալու պատճառով Աղթամար կղզու երկու նավահանգիստները չեն կարողացել հարմարավետ ծառայություն մատուցել։
Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցին 915-921 թվականներին կառուցվել է Վասպուրականի իշխան Գագիկ Արծրունու պատվերով` ճարտարապետ, քանդակագործ եւ նկարիչ Մանվելի կողմից։ Տաճարի արտաքին պատերը զարդարված են 6 հորիզոնական շարք կազմող զարդաքանդակներով, որոնք չեն խախտում պատերի հարթությունը։




























