ԼՂՀ Սահմանադրական բարեփոխումների նախագծի վերաբերյալ ստացվել է շուրջ 200 առաջարկություն ու դիտողություն:

ԼՂՀ նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը հունվարի 12-ին  հրավիրել է հերթական նիստը, որտեղ Հանձնաժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն ամփոփել է մինչ այս պահը հանձնաժողովի կատարած աշխատանքը, ընթացակարգով նախատեսված քայլերը եւ ներկայացրել հետագա անելիքները:

Նշենք, որ դեկտեմբերի 29-ին տեղի ունեցած ԱԺ լիագումար նիստում ընդմիջվել են Սահմանադրության նախագծի քննարկումները եւ պատգամավորներն ու խմբակցությունները  հնարավորություն են ստացել մինչեւ հունվարի 11-ի աշխատանքային օրվա ավարտը ներկայացնել առաջարկություններ եւ դիտողություններ սահմանադրության նախագծի վերաբերյալ:

Աշոտ Ղուլյանի խոսքով, հանձնաժողովն այդ ընթացքում ստացել է շուրջ 200 առաջարկություն եւ դիտողություն:

«Ստացված առաջարկությունները սպասվածից բավականին շատ են եղել, ինչի համար շնորհակալ ենք հեղինակներին, քանի որ այդ ուղղորդումները մեզ օգնելու են ամբողջացնել Սահմանադրության նախագծի հետ կապված աշխատանքները»,- ընդգծել է Աշոտ Ղուլյանը:

Հանձնաժողովի անդամներն այնուհետեւ անցել են ստացված առաջարկությունների քննարկմանը, որից հետո, ըստ պատրաստվածության, նախանշվելու են հետագա քայլերը: