Օքսֆորդի եւ Նորթումբրիի համալսարանների տնտեսագիտական բարձրագույն դպրոցի գիտնականների եզրակացությամբ մեծ տագնապով ուղեկցվող պերֆեկցիոնիզմը կարող է անքնության պատճառ դառնալ: Այս մասին հայտնում է Informing-ը:

Գիտնականները փորձ են անցկացրել, որին մասնակցել են 18-ից մինչեւ 27 տարեկան 78 կամավորներ, որոնցից կեսը քնի հետ կապված խնդիրներ չի ունեցել, մյուս կեսը 3 ամսից մինչեւ 10 տարի տառապել է անքնությամբ:

Մասնակիցները պետք է անցնեին քնի խանգարման, պերֆեկցիոնիզմի, տագնապի եւ դեպրեսիայի աստիճանի որոշման թեստեր:

Պարզվել է, որ անքնությանը կարող են ուղեկցել պերֆեկցիոնիզմը, սխալ կատարելու հետ կապված անհանգստությունը, սեփական գործողությունների վերաբերյալ կասկածները եւ ծնողների քննադատությունը:

Ժամանակի ընթացքում հոգնածությունը եւ մշտական անքնությունը կուտակվում են, մարդն ավելի նյարդային է դառնում եւ ավելի խորն է թաղվում «անքնության ճահճուտի» մեջ: Նման մարդկանց գիտնականները խորհուրդ են տալիս կյանքում գոնե մեկ անգամ թուլանալ եւ ամեն ինչ անտեսել:

Հարկ է նշել, որ հետազոտության արդյունքները կարող են օգտակար լինել քնի խանգարումների բուժման մշակման համար: