Մեծ Բրիտանիայի վարչապետի գրասենյակը ասեկոսե է անվանել բրիտանական լրատվամիջոցներում հայտնված այն տեղեկությունները, որոնց համաձայն ինքն ընտրել է «բրէքսիթի» «խիստ» տարբերակ: Ակնկալվում է, որ սրա վերաբերյալ իր որոշումը Մեյը կհրապարակի հունվարի 17-ին:

Դաունինգ սթրիթից չեն մեկնաբանում եւ չեն հաստատում ելույթի բովանդակության մասին ոչ մի արտահոսք, սակայն որոշ եզրակացություններ կարելի է անել: Արդեն նկատելի է այն մոտավոր եղանակը, որին Մեյը պատրաստվում է հետեւել Եվրամիությունից դուրս գալն իրականացնելու ճանապարհին:

Ներգաղթը վերահսկելու նրա մտադրությունը թույլ է տալիս ենթադրել, որը Մեյը պատրաստ է ընդհանուր շուկային հասանելիությունը զոհաբերել, իսկ այնպիսի երկրների հետ առեւտրային պայմանագրերի կնքումը, ինչպիսին Նոր Զելանդիան է, նշանակում է ԵՄ-ի մաքսային միությունից դուրս գալու պատրաստակամություն:

Մեյի ելույթի հնարավոր բեվանդակության մասին հոդվածներ են հրապարակել միաժամանակ մի քանի թերթեր, որոնցում նշվել է, որ Մեյը կհայտարարի Եվրամիությունից, այսպես կոչված, «խիստ սցենարով» դուրս գալու մասին:

Դա ենթադրում է դուրս գալ եվրոպական միասնական շուկայից: «Մեղմ սցենարը», որի համար պայքարում են եվրաինտեգրացիայի կողմնակիցները, ենթադրում էր շուկայի հասանելիության պահպանում, սակայն այդ դեպքում Բրիտանիան  պետք է պահպաներ երկիր ազատ մուտք ունենալու ԵՄ-ի քաղաքացիների իրավունքը:

Մեյն իր ելույթը պատրաստել է խորհրդարանի պահանջով, որը խնդրել է Եվրամիությունից դուրս գալու ծրագիրը հրապարակել մինչեւ այդ հարցով Բրյուսելի հետ պաշտոնական բանակցությունների մեկնարկը: Նրանք գլխավոր խնդիր են համարում ԵՄ-ի միասնական շուկային հասանելիության պահպանումը կամ դրանից հրաժարվելը: