Որքան բարձր է կառավարման համակարգի արդյունավետությունը, այնքան տնտեսությունը շահում է, եւ ճիշտ հակառակը։ Այս մասին այսօր՝ հունվարի 16-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանն՝ անդրադառնալով գերատեսչությունների կադրային քաղաքականությանը։

«Այս պարագայում կարեւորագույն խնդիրը համարում եմ կադրային քաղաքականությունը։ Ներքին օղակներում պետք է մրցույթները ոչ թե ձեւական բնույթ կրեն, այլ առարկայական, եւ ընտրվեն արժանիները, ոչ թե բարեկամների ու ծանոթների միջոցով դա լինի։ Ոչ միայն նախարարություններում պետք է այսպես լինի, այլեւ գործակալություններում, վարչություններում»,-ասել է տնտեսագետը։

Նա նշել է, որ կան նախարարություններ, որոնք միմյանց գործառույթներով կրկնում են, ինչի վերաբերյալ Մանասերյանը առաջարկությունների փաթեթ է ներկայացրել կառավարություն։

«Մի քանի գերատեսչություններում կրկնվում են գործառույթները։ Առայժմ ես չեմ ուզում բարձրաձայնել դրա մասին, նախընտրում եմ այս հարցերին անդրադառնալ աշխատանքային ռեժիմով, ներկայացնել վարչապետին, եթե տեսնեմ արդյունք չի տալիս, կհրապարակեմ»,-ասել է Թաթուլ Մանասերյանը։ Նա հրաժարվեց լրագրողներին ներկայացնել, թե որ նախարարությունների գոյությունն է անիմաստ համարում:

2017 թվականից տնտեսագետը ակնկալում է մի շարք փաստաթղթերի ստորագրում։

«Տարին բավական հագեցած է լինելու տարբեր զարգացումներով, եթե ճիշտ օգտագործվեն մեր մարդկային ռեսուրսները առաջին հերթին եւ այն հնարավորությունները, որոնք ընձեռնված են Հայաստանին երկու ճակատներում՝ ԵՏՄ անդամակցության շրջանակներում եւ երկրորդը՝ Եվրամիության հետ հարաբերությունների, որ մինչեւ ապրիլ ակնկալում ենք որոշակի փաստաթղթերի ստորագրում, ինչը նշանակում է նոր հնարավորությունների ընձեռում Հայաստանի Հանրապետությանը։ Սրանք մեծ շուկաներ են՝ ավելի խիստ տեխնիկական պահանջներով, եթե կուզեք նաեւ որոշակի առավելություններով: Նոր պայմաններ ենք ակնկալում մեր եվրոպական գործընկերներից, իհարկե, ԵՏՄ-ում մենք դեռեւս նոր ենք քայլեր կատարում եւ կարծում եմ՝ առավալագույնը պետք է մտածենք ոչ միայն Ռուսաստանի Դաշնության հետ առեւտրատնտեսական կապերը սերտացնելու ու մեծացնելու մասին, այլ նաեւ մյուս երկրների հետ»,-ասել է տնտեսագետը։