ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության աշխատակիցները կայցելեն հացի, մսի, զովացուցիչ ըմպելիքների շուկաներ եւ ջերմոցային տնտեսություններ:

Այս մասին նշվել է ՍԱՊԾ մարզային կառույցների ղեկավարների հետ կառույցի ղեկավար Իշխան Կարապետյանի անցկացրած խորհրդակցության ժամանակ:

ՍԱՊԾ-ից NEWS.am-ին հայտնում են, որ խորհրդակցությանը քննարկվել են նախորդ մեկ ամսվա ընթացքում կատարված աշխատանքները քննարկելու եւ նոր հանձնարարականներ տալու նպատակով:

Մարզային կենտրոնների ղեկավարները ներկայացրել են, թե ինչ վերահսկողական գործողություններ են իրականացվում այս փուլում, ինչպիսին են արդյունքները, նաեւ՝  սննդի շղթայի օպերտորների՝ ՍԱՊԾ գրանցամատյանում հաշվառելու աշխատանքների ընթացքը:

Խորհրդակցության ժամանակ քննարկվել են նաեւ տոնական օրերին կատարված աշխատանքներն ու դրանց արդյունքները: «Ձեր աշխատանքում ակնկալում եմ որակական փոփոխություններ, մասնավորապես՝ համակարգային խնդիրների բացահայտում եւ հնարավոր լուծումներ, հետադարձ կապ տնտեսավարողների հետ»,- նշել է  ՍԱՊԾ պետը եւ առաջարկել այս տրամաբանությամբ շարունակել  ներկայումս  հանրապետության ողջ տարածքում իրականացվող վերահսկողությունը հացի եւ զովացուցիչ ընպելիքների շուկաներում: Իշխան Կարապետյանը, որպես առաջնահերթ խնդիր, կարեւոր է համարել,  որ մարզերում հայտնաբերվեն  ու հաշվառվեն սննդամթերքի հիմնական մատակարարները՝  նրանց գործունեության ու պահեստային տարածքների վրա սահմանելով խիստ հսկողություն եւ բացառելով հնարավոր ժամկետանց սննդամթերքի մուտքն իրացման ցանց:

Ծառայության պետը խորհրդակցության արդյունքում անասնաբուժության եւ բուսասանիտարիայի տեսչությունների պետերին հանձնարարել է մարզերում եւս, կենտրոնների մասնագետների հետ համատեղ, մսի շուկայում եւ ջերմոցային տնտեսություններում այցեր կատարել, գնահատել իրավիճակը եւ ձեռնարկել դրանք բարելավելու քայլեր: