Դեպի Եվրոպա բեռներ տեղափոխելու հարցում խոչընդոտներ կան: Այս մասին, այսօր՝ հունվարի 18-ին, ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանի հետ հանդիպման ժամանակ նշել են հայաստանյան բեռնափոխադրող ընկերությունների ներկայացուցիչները:

Նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման մասնակիցները նախարարին  ներկայացրին միջազգային բեռնափոխադրումների գործընթացում առաջացող խոչընդոտներն ու սահմանային անցակետերում հանդիպող խնդիրները:

Որպես առաջնային հիմնախնդիր` կողմերը քննարկեցին եղանակային պայմանների հետեւանքով ժամանակ առ ժամանակ Լարսի անցակետի փակման հարցը:

Նախարարը հայտնեց, որ Վրաստան կատարած աշխատանքային այցի ընթացքում քննարկվել են այս խնդրի մանրամասները, պայմանավորվածություն է ձեռք բերվել վրացական կողմի հետ: Նրանք հավաստիացրել են, որ ամեն ջանք գործադրելու են ճանապարհների ձնամաքրման եւ սահմանային անցակետում փաստաթղթային ձեւակերպումների արագ իրականացման ուղղությամբ: Ռուսական կողմը եւս խոստացել է փաստաթղթային ձեւակերպումները կատարել առանց ձգձգումների:

Բեռափոխադրողները ներկայացրին նաեւ դեպի Եվրոպա բեռներ տեղափոխելու ընթացքում առաջացող խոչընդոտները: Դրանք հիմնականում կապված են վարորդներին վիզայի տրամադրման եւ բեռների միջազգային ապահովագրության հետ:

Նախարարը խոստացավ նաեւ այս հարցերի լուծման շուրջ հետեւողական լինել եւ պատրաստակամություն հայտնեց ցանկացած խնդրի առաջացման դեպքում հանդիպել ու լսել բեռնափոխադրողներին:

Հանդիպման ընթացքում քննարկվեց նաեւ բեռնափոխադրող կազմակերպությունների լիցենզավորման կարգի ներդրման հնարավորությունը: