Տուրիզմը Հայաստանում չի զարգանում, քանի որ պետությունը անհրաժեշտ միջոցներ չի տրամադրում այն զարգացնելու համար: Այս մասին այսօր` հունվարի 18-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է «Տուրիզմի ասոցիացիայի» հիմնադիր անդամ Մարինա Կպրյանը:

«Հարեւան Վրաստանը տուրիզմի զարգացման համար մոտավորապես 7 մլն եվրո է տրամադրում, դրա համար էլ տարեկան 7 մլն զբոսաշրջիկ է այցելում այնտեղ, իսկ Հայաստան մոտ 10 անգամ պակաս: Նույն Ռուսաստանը, որը մեղմ ասած, լավ հարաբերություններ չունի Վրաստանի հետ, սակայն ռուս տուրիստները 2016-ին ավելի շատ են Վրաստան մեկնել, քան Հայաստան»,-ասաց նա:

Կպրյանի խոսքով` 2016-ին, նախորդի հետ համեմատ, տուրիստների թիվն աճել է, հիմնականում գաիս են Ռուսաստանից, Իտալիայից, Շվեդիայից եւ այլն:

«Շատ փոքր տողաշարժ կա դեպի լավը: Ծաղկաձորում, Դիլիջանում եւ մնացած հայտնի հանգստյան գոտիներում ազատ տեղեր չկային: Թանկությունն էլ հենց դրանից է գալիս, շուկան է գինը որոշում»,-ասաց Մարինա Կպրյանը:

Նշենք, որ անգամ հայերից շատերը նախընտրում են հանգիստն անցկացնել Վրաստանում, քան Հայաստանում, որի պատճառը ՀՀ-ում բարձր գներն են: